Այս էջը հաստատված է

օրից սկսած, երբ Մարությանը հաճախում է մեզ մոտ, դու գրեթե չորս օրը նրա հետ մեր տանն ես լինում: Դրանով դու առիթ ես տալիս, որ ուրիշները բամբասեն մեզ հազար ու մի տգեղ պատմություններ հյուսեն մեզ համար…

—Ի՞նչ պատմություններ են հյուսում, օրինակ—հարցրեց Վարդուհին,— պատմի՛ր ինձ գոնե մեկը:

—Ա՛յ, օրինակ, ասում են, որ դու սիրում ես նրան, որ մեր տունը ձեր սիրակցությունների ժամադրության տեղն է. որ ես ձեր սիրակցական հարաբերությունների միջնորդն եմ և այլն, և այլն: Այս բոլորը թե՛ մեր տան և թե՛ մասնավորապես ինձ համար անպատվաբեր լուրեր են. ես սաստիկ վիրավորված եմ. պետք է անպատճառ վերացնել մեջտեղի այդ խոսքը ու զրույցների շարժառիթը:

—Ուրեմն ե՞ս եմ քո կարծիքով այդ բոլորի մեջ հանցավոր, — հարցրեց Վարդուհին:

—Անկասկած:

—Ի՞նչ կկամենայիր, որ ես անեի քեզ գոհացնելու համար:

—Ինձ հարկավոր չէ, պետք է խոսող բերանները լռեցնել:

—Իսկ դրանց լռեցնելո՞ւ համար…

—Պետք է դադարես միառժամանակ մեզ մոտ հաճախելու:

Վարդուհին լռեեց և մի քանի րոպե ընկավ մտածության մեջ: Հետո աչքերը բարձրացնելով ուղղեց յուր հայացքը ընկերուհու անհանգիստ դեմքին և հարցրեց.

—Անկեղծ եղի՛ր ինձ հետ: Անիչկա՛, ինչպես անկեղծ էիր մինչև այսօր, խոսողները լռեցնելու համա՞ր ես կամենում, որ ես չհաճախեմ քեզ մոտ, թե քո սրտի իսկական ցանկությունն է այդ:

—Խոսողները լռեցնելու համար միայն:

—Անկեղծ սրտո՞վ ես խոսում:

—Բոլորովին անկեղծ:

—Շատ լավ, ուրեմն ես դեռ կարող եմ խոստովանել քեզ իմ սրտի գաղտնիքը: