Այս էջը հաստատված է

Գ

Այս անցքից հետո Վարդուհին այլևս չայցելեց յուր ընկերուհուն և աշխատում էր մոռանալ Մարությանին: Թեպետ նա բոլորովին հակառակ համոզմունք ուներ այդ երիտասարդի վերաբերությամբ և հավատում էր, որ նա ոչինչով չի զանազանվիլ արդի նյութապաշտ երիտասարդներից, մանավանդ երբ գործը ամուսնության վերաբերեր և հատկապես Լազարյանների հարուստ աղջկան, նա ավելի կգնահատեր, քան իրեն, այսուամենայնիվ փափագում էր իմանալ, թե արդյոք նա յուր մասին տածե՞լ էր երբևիցե մի քնքուշ զգացմունք, կամ գուշակե՞լ էր, որ ինքը սիրում է նրան:

—«Ո՞վ գիտե. գուցե հենց նա ինքն էլ սիրում էր ինձ, բայց հարմարություն չունեցավ ինձ յուր սիրտը բանալու, — երազում էր երբեմն ինքն իրեն Վարդուհին, — և եթե արդարև նա սիրում լիներ ինձ, և եթե այս բանը ես մի կերպ կարողանայի իմանալ օ՜, ես ուշադրություն չէի ո՛չ օտարների բամբասանքին, և ո՛չ իմ ընկերուհու սպառնալիքներին, ես ինքս կերթայի պտրտելու նրան հենց յուր տան կասեի նրան՛ Տիրա՛ն, սիրում եմ քեզ, Տիրան, ես խելագարված եմ քեզմով... Եվ նա, օ՜հ, եթե մի անգամ լսեի նրա բերանից... հենց մի խոսք, հենց մի բառ, որ նա սիրում է ինձ, ես իսկույն կփարվեի նրա վզով. կսեխմեի նրան իմ կուրծքի վերա, և այսպես կպահեի իմ գրկում երկա՜ր շա՜տ երկար... և այնուհետև, օ՜հ, ինչպե՜ս մենք երջանիկ կլինեիք, ինչպե՜ս կփափագեի, որ բոլոր աշխարհն իմանար, որ մենք երջանիկ ենք...»: Այս և սրա նման գողտր երազներով շատ անգամ Վարդուհին փայփայում էր իրեն, բայց և հակառակ տխուր գուշակություները անպակաս էին նրա գլխում:

Մի օր, երբ նա ըստ սովորականին, նստած յուր սիրելի պատուհանում, զբաղված էր նմանօրինակ մտածմունքներով, հանկարծ հայտնեցի նրան, որ պարոն Մարությանը ցանկանում է յուր հետ տեսնվիլ: Խեղճ օրիորդ քիչ մնաց, որ պատուհանից գետին չգլորվեր, նա շտապեց ընդունարանը ու հրամայեց աղախնին ներս հրավիրելու: Բայց մինչև