Այս էջը հաստատված է

նա կարծես այլևս երկրի վերա չէր ապրում, և փոխվել էր իմանալյաց երջանիկ աշխարհը … Բայց երբ մի փոքր սթափվեցավ, հարցրեց Վարդուհուն.

— Ուրեմն առանց քաշվելու կարո՞ղ եմ այս խոստովանությունն անել իրեն` օրիորդին։

— Անկասկած, քանի որ նա ինքն է առաջինը խոստովանել, որ ձեզ սիրում է։

— Իսկ նրա ծնողները, օրիորդ, կհամաձայնե՞ն արդյոք Աննայի ձեռը տալ ինձ։

— Այդ հարցին պատասխանելը արդեն իմ կարողությունից վեր է։ Այդ մասին ինքն օրիորդը կարող է ավելի ճիշտ պատասխան տալ ձեզ։

Մարությանին այլևս երկարելու ոչինչ չէր մնում. նա վեր կացավ տեղից, անկեղծ և սրտեռանդ շնորհակալություն արավ Վարդուհուն յուր տված տեղեկությունների համար և դուրս գնաց ամենաուրախ տրամադրության մեջ։

Վարդուհին մնաց միայնակ, տխուր և հուսահատ։

— «Երեկ այս ժամանակ ես դեռ հույսերով խաբում էի ինձ,— ինքն իրեն մտածում էր նա,— գուցե Տիրանը ինձ սիրում է, գուցե մենք դեռ երջանիկ կլինենք, երազում էի ես, իսկ այսօր, ավա՜ղ, այդ մխիթարությունն էլ խլեցին ինձանից… Այժմ էլ ոչինչ չէ մնում ինձ, բացի մի տխուր հիասթափություն իմ գողտրիկ և սիրապատար երազներից… Բայց ի՞նչ, մի՞թե ես իրավունք ունեի սպասել այդ երիտասարդից, որ նա սիրեր ինձ, չէ՞ որ նա գիտեր, որ ես հարուստ չեմ, որ ես օժիտ չունիմ… իսկ սիրտը ո՞վ է քննում, ո՞վ է գնահատում նրան։ Թող աղջիկը փող բերե յուր փեսացուին և նրա հետ էլ թեկուզ մի երկաթե սիրտ, հոգ չէ, ամուսնությունը դարձյալ երջանիկ կլինի, բավական է, որ շռայլելու ցանկաթյունր չխեղդվի...

Այս և սրա նման մտածմունքներ երկար ժամանակ տանջում էին Վարդուհուն, մինչև որ մայրը ընդունարան մտավ Մարությանի այցելության պատճառն իմանալու։ Մինչև այդ, Վարդուհին յուր սիրո արկածներից ոչինչ յուր մորը չէր հայտնել, բայց այս անգամ արդեն ամեն բան բացավ և մանրամասն պատմեց։