—Ի՞նչ գործ—հարցրեց տիկինը:
—Ես արդեն խոսացել եմ. ես կամենում եմ, որ իշխանը մեր փեսան լինի և դուք հանձնեք նրան Աննայի ձեռքը:
—Ես դրա դեմ ոչինչ չունեմ, եթե իշխանին հաճելի է իմ տան բարեկամությունը,— պատասխանեց Մարիա Սերգևնան, մի հարցական հայացք ձգելով իշխանի վերա։
Վերջինս էլ խույս տալու ճանապարհ չուներ:
—Ես ինձ պատիվ կհամարեմ, տիկին, լինել այդ տան բարեկամը։
—Իմ Անիչկան ձեր հարսնացուն է, — վճռական եղանակով ասաց տիկինը և սեղմեց իշխանի ձերքը:
Արտեմ Իվանիչը սկսեց յուր շնորհավորական ճառը, որին հետևեցին մի շարք բարեմաղթություններ:
Շուտով Վասիլ Իվանիչն էլ թողեց սազանդարների շրջանը, ուր նա ոգևորված երաժտապետի պաշտոն էր կատարում և եկավ խնդակցելու յուր եղբորն ու տիկնոջը, որքան յուր կապալներց ավելի շահավոր գործ էին գլուխ բերել։
Սկզբում թեպետ որոշվեցավ գաղտնի պահել այս դաշնադրությունը մինչև հանդիսավոր նշանադրության օրը, բայց երեկույթը վերջանալու վերա՝ դահլիճի ամբողջ կեսն արդեն գիտեր գաղտնիքը։ Հյուրերից շատերը շնորհավորեցին տանտիկնոջը յուր դստեր բախտավորությունը, շատերը նախանձից պապանձվեցան, հավատալով, որ Լազարյանները անգին հարստություն են ձեռք բերել, շատերն էլ ծիծաղեցին նրանց հիմարության վերա, որ տասնևութ տարեկան քնքուշ աղջիկը համաձայնվել էին նշանելու մի քառասունևհինգ տարեկան, աշխարհի բոլոր բարիքները վայելած և արդեն վաստակած մարդու հետ։
Է
Հետևյալ օրը Աննայի ծնողները առանձնացած էին իրենց աղջկա հետ տան ամենախուլ սենյակներից մեկի մեջ և խրատակների էին կարդում նրա գլխին։