Այս էջը հաստատված է

նկատեց քարոզիչը: — Իսկ եղբայր Գրիգորը այդ առնական հաստատակամությունը ունի, ես գիտեմ, երբ նա մտադրվեցավ մի բան անելու արգելքները նրա համար նշանակություն չունին:

— Ես միայն իմ ունեցած ուժս գործ կդնեմ, թե ինչպես կհաջողվի՝ աստված գիտես:

— Այո՛, ուժ պետք է գործ դնել, — ավելացրավ Կարոն, — կինը միայն ուժի առաջ է հաղթվում: Ես մ՛ի քսան անգամ ծեծել եմ կնոջս մինչև նրան ճանապարհի եմ բերել:

— Ո՛չ, առաջ քաղցրությամբ և սիրով, — նկատեց քարոզիչը և լռեց, թողնելով որ խոսքի մնացորդ բառերը, «իսկ հետո ուժով և փայտով» իրենք իրանց հասկացվեն, որովհետև քարոզիչը զգուշացնում էր յուր «սեր և խաղաղություն» քարոզող մտքերին դավաճանող բառեր արտասանել:— Իսկ ձեր այդ գործը, — մի փոքր լռությունից հետո շարունակեց նա, — մեծ պարծանք կարող է բերել մեր «եղբայրներին» և գլխավորապես մեր պաստորին, որը յուր բոլոր ճիգը գործ է դնում մեր պատիվը և անունը բարձր պահելու Եվրոպայի և Ամերիկայի միսիոներական և ավետարանական ընկերությունների առաջ: Վերջին բառերը առանձին հեշտահարությամբ էր արտասանում քարոզիչը, ոչ թե նրա համար որ նրանք մի որևէ նշանակություն ունեին, այլ որպեսզի Գրիգորի վերա նրան անծանոթ այդ բառերով՝ ավելի մեծ ներգործություն աներ:

— Կաշխատեմ, — անվստահ ձայնով պատասխանեց Գրիգորը քարոզչին և նրա ձեռքը սեղմելով ուղղվեցավ դեպի յուր ճանապարհը:

— Իսկ մենք կհուսանք,— վստահ ձայնով նրա ետևից ավելացրավ քարոզիչը և հեռացավ Կարոյի հետ:

Ե

Ճաշի ժամանակ էր, երբ Գրիգորը տուն հասավ. նա ճանապարհին արդեն մտածել էր ինչ պիտի խոսեր յուր կնոջ հետ: Ներս մտնելու ժամանակ երեխաներից երկու