Այս էջը հաստատված է

Մարությանը զարմացած աչքերով նայում էր Վարդուհու վերա, բայց հետո կարծես նրա անվրդով հայացքից և խոսքերից հաղթվելով պատասխանեց.

— Հավատացեք, օրիորդ, որ ոչ մի նյութական շահ ինձ չէ կապել օրիորդ Լազարյանի հետ. ես արդեն իմ առաջին խոստովանության ժամանակ ձեզ ասացի, թե ճանաչելով իմ և նրա ծնողաց անհավասարության չափը, ես աշխատում էի զգույշ լինել, չգրավվիլ նրանով, բայց հետո ես իմ զգացմունքներին դիմադրել չկարողացա. հավատացեք, օրիորդ, որ ես նրան սիրել եմ անկեղծությամբ և իմ բոլոր սրտով..․

— Այսուամենայնիվ ձեզ չեք կարող արդարացնել, որովհետև նրա մեջ դուք չեք որոնել մի ներքին արժանավորություն, որից մարմին է առնում ճշմարիտ սերը, իսկ եթե դուք դրան որոնած լինեիք, այն ժամանակ նրա մեջ բացի փոփոխամտությունը և դյուրահավանությունն ուրիշ բան չէիք գտնիլ, իսկ այդ թերությունները սիրո դահիճներն են։ Եվ որովհետև նույնպիսի թերություններ էլ դուք ձեր ընտրության ժամանակ եք ունեցել, ուրեմն մի՛ վշտանաք, եթե միևնույն ճանապարհով էլ պատժում են ձեզ։ Օրիորդ Լազարանն առաջ կարծում էր, որ պարոն Մարությանի հետ ամուսնանալը երջանկություն է։ Բայց այժմ համոզված է, որ իշխան Շահ-Մելիքյանի հետ նա ավելի կարող է բախտավոր լինիլ. սա համոզմունք է, սրա դեմ ի՞նչ կարող եք ասել։

— Իհարկե ոչինչ, մի փոքր առաջ ես ինքս ձեզ խոստովանեցի, որ իմ բախտը հողմաղացի վերա էի կախել...

— Ուրեմն էլ բողոքելու տեղ չէ մնում, հանցանքը ձերն է, պատիժն էլ դուք պիտի կրեք։

Մարությանը լռեց։ Նա մտածում էր։ Վարդուհու խոսքերը նրա առաջ մի նոր և բոլորովին անծանոթ աշխարհ բացին։ Նա տեսավ, թե որքան ետ էր մնացել մարդկանց սիրտը և հոգին ճանաչելու արհեստին մեջ. տեսավ թե ինչպես մի խեղճ աղջիկ, յուր սահմանափակ շրջանի մեջ ավելի էր ճանաչում երիտասարդների ներքին աշխարհը, քան թե ինքը յուր բոլոր զարգացմամբ` մի հասարակ և թեթևամիտ աղջկա սիրտը։ Վարդուհու խոսքերը փոխանակ յուր սիրտը վիրավորելու, ընդհակառակը, նրա մեջ մի խորին ակնածություն և