Այս էջը հաստատված է

համակրանք էին զարթեցնում: Նրա աներկյուղ հանդիմանությունը, իբրև մի ապաքինող բալասան, գալիս իջվում էին յուր հոգեկան վերքերի վերա, և նա զգում էր, թե ինչպես այդ վերքերը վայրկյաններով բուժվում, անհետանում են… Իսկ այդ բոլորից հետո նա մի համեմատություն է անում Աննայի և Վարդուհու մեջ, տեսնում էր այն ահագին անջրապետը, որ բաժանում էր այդ երկու բնավորությունները միմյանցից, տեսնում էր առաջինին ինչպես մի եղեգը, որին հողմերն են կառավարում, որի մոտ խելքը զգացմունքների ստրուկն է, իսկ սիրո զգացումը՝ վայրկենական տպավորությունների… Տեսնում էր երկրորդին ինչպես մի մարմնացած բնավորություն, որի խելքը իշխում էր յուր զգացմունքների վեա, որի սիրտը և հոգին հետամուտ էին ճշմարտության, որը գիտեր արդեն անկեղծությունը գնահատել և կարող էր անշուշտ արժանավորությանը սիրահարիլ… Նա տեսնում և զգում էր այս բոլորը և խորը հառաչում, որովհետև յուր սխալանքը արդեն անուղղելի էր համարում…

—Դուք իրավունք ունիք, օրիորդ,— երկար լռությունից ետ պատասխանեց երիտասարդը,— հանցանքն իմն է, պատիժն էլ ես պիտի կրեմ… — և այս ասելով նա վեր կացավ տեղից, ողջունեց օրիորդին և տխրությամբ հեռացավ նրանից:

Թ

Մարությանի հեռանալուց ետ Վարդուհին խղճահարվեցավ նրա դրության վերա, նա զգաց, որ անգթաբար վարվեցավ խեղճ երիտասարդի, առանց այն էլ վիրավոր սրտի հետ, մանավանդ, որ արդեն հավատում էր, թե նա առանց շահադիտական նպատակների էր սիրել Աննային:— «Ես պարտավոր էի մխիթարել նրան, — ասում էր նա ինքն իրեն, — Մարությանը հանցավոր չէ, որ սիրել է Աննային առանց նրա ներքին արժանավորությունները ճանաչելու: Սա մի սխալմունք է և ոչ հանցանք: Ի՞նչ անեն խեղճ երիտասարդները: Մեր կյանքն այնքան փչացել, այնքան ապանականել է, որ հրապարակում ոչ ոք առանց դիմակի չէ շրջում. ինչպե՞ս և