ո՞ւր գտնել ճշմարտությունը... Եթե ճիշտը խոստովանինք, դեռ մենք ինքներս պետք է կարմրենք մեր սեռի այս խարդախ թուլությունների համար։ Իսկ Մարությանը... նա վատ տղա չէ։— շարունակում էր Վարդուհին,— սիրտ ունի, նա կարողանում է սիրել... Նրան կարծես թե ես դեռ սիրում եմ, ինձ այնպես Է թվում... բայց ո՛չ, ո՛չ, նա արժանիք չէ ճանաչում,— կարծես ինքն իրենից ամաչելով հերքում էր Վարդուհին յուր խոսածները.— նա սիրեց մի թեթևսոլիկ աղջկա, և նա պետք է պատժվի...»։
Բայց Մարությանը բոլորովին ուրիշ տպավորության տակ հեռացավ Վարդուհուց. նրա խոսքերը, նրա մտքերը, նրա դատողությունները այն աստիճան էին գրավել իրեն, որ նա մոռացել էր Աննային, և յուր նրա հետ ունեցած սիրային մտերմությունը, տեսակցությունները, աղջկա կողմից իրեն հասած վիրավորանքը, բոլորը, բոլորը երազ էին թվում իրեն։ — «Ինչո՞ւ համար սխալվեցա ես, մտածում էր նա. — ինչո՞ւ համար այս անգին գանձը ես չտեսա այն ժամանակ, երբ արվեստական գոհարը շլացնում էր ինձ, ինչո՞ւ համար ես այդ աստիճան կուրացել էի... բայց ի՞նչ, մի՞թե դու ուշ է, մի՞թե բախտը չէ այս, որ ծիծաղում է ինձ, և նախախնամության շնորհը չէ՞, որ ապագա դժբախտություններից. ազատում է ինձ:
Ես դեռ կարող եմ հուսալ, որ Վարդուհին մի օր կճանաչե իմ սիրտը, կհամոզվի, որ ես շահամոլի մեկը չեմ, որ ես զգացմունք ունիմ, որ ես կարող եմ սիրել... Եվ նա կցանկանա բախտավորացնել ինձ... Ո՞վ գիտե, գուցե հենց մոտ է ա՛յն վայրկյանը, երբ նա ինքը կասե ինձ` Տիրա՛ն, սիրում եմ քեզ»... Բայց չէ, ես զառանցում եմ. ես արժանի չեմ նրան և նա իմը չի լինիլ»։
Այս մտածմունքով ամբողջ օրը տանջվեցավ խեղճ երիտասարդը, և երեկոյան դեմ վճռեց կրկին անգամ այցելել Վարդուհուն։ — «Գուցե մի բան կարողանամ ասել նրան», մտածեց նա և դուրս գնաց տանից։
Բայց հազիվ թե մտել էր նրանց տան փողոցը, և ահա հեռվից նշմարեց նա նրանց պատշգամբի վերա մի շրջազգեստի ծայր.— «Նա Վարդուհին է» —շշնջաց նա և