Այս էջը հաստատված է

—Ես շնորհակալություն չեմ սպասում ձեզանից այնքան միայն լինի, որ իմ խոսածները կարողանամ մոռացնել տալ ձեզ ձեր կորուստը, - խորհդավոր եղանակով նկատեց Վարդուհին։

Հավատացեք ինձ, օրիորդ, ես այս րոպեին ոչ մի կորստի վերա չեմ մտածում ես այսօր չեմ մտածել: Ես, ընդհակառակն, անչափ ուրախ եմ, որ իմ հիվանդությունը բուժվել է և այն ձեր շնորհիվ: Բայց եթե կա մի մտածմունք, որ ինձ տանջում է, դա բոլորովին նոր է, հենց այսօրվանից․ և նրա պատճառը տուգանքը հոգեկան զվարճություն է բերում ինձ․․․

Վարդուհին հասկացավ երիտասարդի խոսքերի նշանակությունը, բայց կեղծեց իբր թե ոչինչ չէ հասկանում։

—Աշխատեցեք, որ մտածմունքները չտանջեն ձեզ, թե չէ տանջանքի մեջ զվարճություն չկա,— ասաց նա:

—Այո՛, եթե միայն դա սիրո տանջանքն է,— նկատեց Մարությանը:

Վարդուհին ժպտաց, բայց ոչինչ չպատասխանեց, ընկերուհու ներկայությունը չէր ներում նրան զգալի կերպով շոշափել այդ խորհրդավոր ակնարկությունը:

Շուտով նրանք պիտի բաժանվեին ուղիղ ճանապարհով, ուստի Մարությանը առնելով նրանց ողջույնը և Վարդուհու սիրալիր ժպիտը՝ հեռացավ գոհ սրտով։

Հետևյալ առավոտը Մարությանը շատ հանդուգն միտք հղացավ։ Քաջալերվելով նախընթաց ավուր տեսակցությունով, նա որոշեց մի անգամով վախճան տալ գործին և գնաց Վարդուհու մոտ։

—Օրիորդ, ես ամեն վտանգ հանձն եմ առաել ինձ համար մի որոշ վիճակ ստեղծելու համար,— ասաց նա, ողջունելով Վարդուհուն,— այդ պաճառով և այսօր կրկին ես գտնվում եմ ձեզ մոտ։

—Ի՞նչ վիճակ եք ուզում ստեղծել ձեզ համար,— հարցրեց օրիորդը, կարծելով, որ գործը դարծյալ Լազարյանի աղջկանն է վերաբերում։

—Դժբախտ կամ բախտավոր, ցավերով լի, կամ երջանկությամբ։