—Գիտե՞ք ինչ կա. եթե ա՛յն ազնվարյուն հոգիներից լինեի, որոնք ստեղծված են միմիայն ազնվության գոյությունն ապացուցանելու համար, ես ձեզ կարհամարհեի, որովհետև դուք մի օր ուրիշին էինք սեր երդվում. բայց որովհետև այդ հոգիներից չեմ, և մեր մեջ ասած, միևնույն փայտից եմ տաշված, ինչ որ մեր ուրիշ շատ աղջիկները, և այդ միայն այն զանազանությամբ, որ գիտակցաբար գործելու ընդունակությունն իմ մեջ մի փոքր ավելի է զարգացած, այդ պատճառով ընդունում եմ ձեր առաջարկությունը, որովհետև զգում եմ, որ ես չեմ կարողանում սպանել այն քնքուշ զգացմունքները, որոնց մի օր ձեզ համար տածել եմ իմ սրտում: Եթե իմ այս խոսակցությունից ետ դուք դեռ կարող եք սիրել ինձ, սիրեցեք, ես ձերն եմ...
— Այդ խոստովանությունից հետո դուք իմ աստվածուհին եք, — ոգևորված բացականչեց երիտասարդը և բռնելով Վարդուհու ձեռքը՝ ջերմաջերմ համբուրեց:
Մի փոքր ժամանակից ետ Վարդուհու մայրը խնդակցում էր աղջկանը և սիրալիր գգվանքներ նվիրում յուր թանկագին փեսային:
Ժ
Օրիորդ Լազարյանի և իշխան Շահ-Մելիքյանի նշանադրության հանդեսը մի քանի օր առաջ տեղի էր ունեցել ոչ շատ շքեղ կերպով, բայց քաղաքի մեջ շատ էին խոսում նրանց հարսանիքի մեծածախ և փառավոր պատրաստությունների մասին։ Վասիլ Իվանիչը յուր կողմից աշխատում էր ապացուցանել, որ կյանքի վայելչությունների մեջ փողի արիստոկրատիան կարող է մրցել արյան արիստոկրատիայի հետ․ և թե առատաձեռնության կողմից կապալառու Լազարյանը ոչինչով պակաս չէր յուր ազնվական փեսայից։ Իշխան Շահ—Մելիքյանն, ընդհակառակն, չէր ընդունում այն միտքը, թե վաճառական մարդու նիստն ու կացը կարող է երբևիցե հավասարվիլ իշխանական տան ապրուստի հետ, այդ պատճառով և ճգնում էր յուր հարսանյաց հոյակապ պատրաստություններով զարմացնել բոլոր առևտրական աշխարհը։