Այս էջը հաստատված է

նախանձն էր շարժում։ Նրա գեղեցկությունը թեպետ գերբնական չէր, բայց յուր վերայի հարստությունները նրան գերբնական էին դարձրել։ Նրա հագուստը, որ կարված էր սպիտակ, թանկագին մետաքսից և զարդարված արվեստական հարուստ ծաղիկներով, ֆրանսիական ճարտարությանց մի կատարյալ հրաշակերտն էր ներկայացանում: Նրա գլխի խոպոպներն ու հյուսերը, մարմարյա կուրծքը և ձախլիկ դաստակները զարդարված էին հարյուրավոր ադամանդներով, որոնք բյուրեղյա ջահերի առաջ ցրվում էին աջ ու ձախ բյուրավոր կայծեր ու շողեր։ Բոլորի աչքերը նայում էին նրան, բոլորի աչքերը շլացած էին նրանով:

Մի քանի երաժշտական նվագներից և թեթև պարից հետո, որոնք տեղի ունեցան ի պատիվ նորեկ հյուրերի. սկսան կատարել հանդերձ-օրհնեքի կարգը, որին մասնակցում էին բազմաթիվ քահանաներ իրենց երգիչներով և դպիրնեով: Իսկ մի ժամից հետո արդեն իշխանական զույգը շրջապատված բազմաթիվ հյուրերով, գտնվում էր արիստոկրատների եկեղեցում, ուր խրոխտաձայն տեր-Մուշեղը հանդիսավոր եղանակով հարցաքննում էր նրանց. — «Որդյակ իմ, մինչև ի մահ հնազա՞նդ ես»— և պատասխան առնում մի «Այո՛» և մի բազմիմաստ գլխի շարժում…

Եկեղեցուց վերադառնալուց ետ հարսանյաց հանդեսը կատարյալ կերպարանք առավ, երաժշտությունը նոր ուժով սկսավ թնդալ, պարերը նորից կենդանություն առին, հարսը և փեսան ասպարեզ մտին, հարսանավերքը ր փեսավերքը միմյանց գրկեցին, գրկվեցան և մի կես ժամվա մեզ կապալառու Լազարյանի տունը Կիթերական դիցուհվո տաճարը շինեցին։

Վասիլ Իվանիչն ու Մարիա Սերգեևնան անընդհատ շնորհավորությններ և բարեմաղթություններ էին լսում և ուրախությունից քիչ էր մնում, որ գժվեին։

Այնուամենայնիվ սեղանների բացվելն ու ընթրիքի սկսվիլը ամեն տեսակ ոգևորություն միառժամանակ չափավորեցին։ Թե՛ հրավիրյալները և թե՛ հրավիրողները ընթրիքի նստան, հարգելով ստամոքսի իրավացի պահանջը։