Բայց ինչպես Լազարյանի տանը մարդիկ, այնպես էլ դուք, իմ սիրելի ընթերցողներ, իսկի չեք հարցնում, թե բաս ո՞ւր մնացին մեր խելոք Վարդուհին ու սիրահար Մարությանը:
Պատիվ ունիմ հայտնելու, սիրելի բարեկամներս, որ նրանք էլ հենց այս երեկո պսակվեցան մայր եկեղեցում: Բայց նրանց հարսանիքը փառավոր չէր, նրանք մեծ պատրաստություններ, հարուստ լուսավորություն, բազմաթիվ հյուրեր, մեծածախ սեղան և այլ այս տեսակ բաներ չունեին:
Եկեղեցին եկավ միայն Վարդուհին ու Մարությանը. նրանց մայրը ու խաչեղբայրը և Վարդուհու մի երկու կլորիկ սիրունիկ ընկերուհիները:
Տեր-Ղևոնդը մի տիրացուի և մի ժամկոչի օգնությամբ պսակեց նրանց և հետո բոլորը միասին կառք նստեցին և գնացին Վարդուհու մոր պատրաստած համեստ ընտրիքը վայելելու:
Սեղանի վերա տերտերը մի քանի լավ հայերեն երգեր ասաց, փեսա Տիրանն ու տիրացուն էլ իրենց գիտեցածից մի-մի բան երգեցին և այսպես ամեն բան առանց ղալմաղալի վերջացնելով, յուրաքանչյուրը յուր տունը գնաց: Տիրանն ու Վարդուհին արդեն Մորփեոսի գրկումն էին, երկ իշխան և իշխանուհի Շահ-Մելիքյանները դեռ նոր դուրս էին գալիս Լազարյանների տանից և բազմաթիվ կառքերի ընկերակցությամբ դիմում էին իշխանի ապարանքը:
Բայց սրանով, իհարկե, դեռ չէր վերջանում իշխանական հարսանիքը: Իշխանը և իշխանուհին պսակվելուց հետո միայն սկսան իրենցը և երեք օր շարունակ զանազան բնավորությամբ հացկերույթներ և երեկույթներ ունեին նրանք իրենց ապարանքում:
Ամբողջ քաղաքը այդ միջոցին զբաղված էր Լազարյաններով և Շահ-Մելիքյաններով. ամեն տեղ նրանց վերա էին խոսում, նրանց համար պատմում և նրանց լսում:
Վարդուհու և Մարությանի վերա գրեթե ոչ մի տեղ խոսք ու զրույց չկար: