Այս ասելով նա զայրացած դուրս գնաց և դուռը բարձրաձայն փակեց յուր ետևից։
Գրիգորը միառժամանակ մնաց յուր տեղը ընդարմացած աչքերը ուղղած փակված դռանը։ Հետո նա տեղից վեր կացավ, առավ վերարկուն և կրկին փակված դռանը նայելով մրմնջաց ինքն իրան. «Կամակոր կին, դու ուրեմն կամենում ես քո ամուսինը խայտառակել, լավ, կտեսնենք, թե քո այդ կամակորությունը մինչև ուր կտանե քեզ... Ես ամենից մեծ հիմարը կլինեմ, եթե թողնեմ քո գիտցածիդ պես երեսդ խաչակնքել անգամ։ Մինչև այժմ ես քարոզչի պատվիրած քաղցրությունը գործ դրի, այսուհետև էլ Կարոյի տված խորհրդին կհետևեմ»։ Այս տխուր սպառնալիքներից ետ նա հագավ վերարկուն և դուրս գնաց սենյակից...
Ամուսինների այս վերջին բաժանումից ետ անցան երեք տարիներ, այս գերդաստանի համար երեք վշտալից տարիներ։ Մարիամը հաստատ մնաց յուր վճռին, նա ոչ մի կերպ և ոչ մի պայմանով չհոժարեցավ ենթարկվիլ ամուսնու ներգործության՝ ընդունել բողոքականություն։ Այս պատ՛ճառով ամուսինն էլ յուր կողմից, մանավանդ յուր «եղբայրների» հորդորմամբ, անողոքելի մնաց յուր վճռի մեջ։ Մարիամի յուրաքանչյուր անգամ եկեղեցի գնալը, յուր տան մեջ քահանա ընդունելը, դրացիների հետ ուխտ գնալը, միով բանիվ նրա յուր հավատի վերաբերյալ ամենաչնչին հնավանդ սովորության կատարումը պատճառ էր դառնում յուր ամուսնու նախատելուն, հայհոյելուն և շատ անգամ այնպիսի կռվի, որը վերջանում էր նրանով, որ երբեմն սիրող ամուսինը սկսում էր ծեծել յուր կինը... Խեղճ Մանիշակը շատ անգամ մտնում էր այս վերջնակռիվների մեջ յուր մորը պաշտպանելու նպատակով, բայց հոր հարվածներից իրեն էլ բաժին առնելով վշտահար և լալով քաշվում էր մի կողմ։ Մյուս երեխաները, որոնք անզոր էին իրանց մորը պաշտպանելու, լաց ու գոռոցով ողբակցում էին նրան և իրանց քրոջը։ Եվ այսպես ամբողջ տունը շատ անգամ ներկայացնում էր մի աղիողորմ և սիրտ կտրատող տեսարան։