կրճտացնում էին ոսկերիչի վերա, ուրիշները բռունցքներն էին շարժվում, իսկ ավելի հասակավորները խրատում էին նրանց՝ չափավորել իրանց զայրույթը, հուսադրելով, որ արդար դատաստանը հանցավորին կպատժե ինչպես վայել է:
Սակայն ոսկերիչի վերա այս սպառնալիքները ոչինչ ազդեցություն չէին անում, նրա դեմքը մինչև անգամ այլայլված չէր, նա անխռով և անտարբեր նայում էր ամբոխին և երբեմն դեմքի վերա խաղացնում էր ծաղրական ժպիտներ, որոնք ավելի գրգռում էին տաքարյուն երիտասարդների զայրույթը:
Քառորդ ժամից ետ մի ոստիկանական պաշտոնյա դուրս եկավ ոստիկանապետի գրասենյակից և ներս կանչեց ոսկերիչին: Ամբոխից մի քանի մարդիկ էլ կամեցան ներս մտնել նրա հետ, բայց պաշտոնյա արգելեց նրանց ասելով, որ հրամայված է միմիայն հանցավորին ներս տանելու: Սրանից հետո մի տասը րոպե հետո դուրս եկավ ինքը ոստիկանապետը և հայտնեց ամբոխին, որ գավառապետը քնած լինելով, իսկույն ևեթ հանցավորին դատի ենթարկել անկարելի է, ուստի երբ գավառապետը կարթնանա և ատյան կիջնի, այն ժամանակ ինքը հարցաքննել կտա հանցավորին:
—Ես ինքս, — ավելացրավ նա, — ձեր կողմից թարգման կկանգնեմ ձեր արդարացի բողոքին, որովհետև ձեր ինձ պատմածներից ամեն բանի տեղեկացա: Գնացեք յուրաքանչյուրդ ձեր գործին, և հաստատ հավատացեք, որ եթե մեր քննությունից ոսկերիչը հանցավոր դուրս գա, նրան օրինավոր պատիժ կտանք:
—Այո, օրինավոր, օրինավոր, — գոչեցին մի քանիսը ամբոխի միջից և բոլորը միասին միամտվելով ոստիկանապետի խոստումով, ցրվեցան և յուրաքանչյուրը գնաց յուր գործին:
Սակայն բոլոր ոսկերիչների և առավոտյան բողոքին մասնակցող անձանց զարմացումը շատ մեծ եղավ, երբ երկու-երեք ժամից ետ նրանք իմացան, որ ոսկերիչ Գրիգորը ազատ, յուր «եղբայրների» հետ միասին, շտապում է եղել «տիրոջ» տունը աղոթելու. «Ի՞նչ հանելուկ է այս,— միմյանց մեջ շշնջում էին ոսկերիչները, — եթե ասենք փախել է,