Այս էջը հաստատված է

ունիմ, ասում էր նա, գիտեմ, որ վերջիվերջո գլխիս պետք է թափվին»։

Բայց այստեղ հիվանդների դրությունը օրեցօր ծանրանում էր․ ութ օրից ետ վերջապես մահտեսի Հարությունը խոհուրդ տվավ վարպետ Սարգսին ռուսի դոկտորը բերել հիվանդներին նայելու։

— Ուրեմն դու քո բժշկության բոլոր պաշարը սպառեցի՞ր, — հարցրավ մահտեսուն վարպետ Սարգիսը։

— Ինչ որ գիտեի գործ դիր, բայց ի՞նչ անեմ, որ լավանալու նշույլ չէ երևում:

— Ինչո՞ւ առաջ չէիր ասում այդ։

— Առաջ երեքի հիվանդություններն էլ ինձ ծանոթ էին երևում, և ես հույս ունեի, թե կառողջացնեմ, բայց այժմ տեսնում եմ, որ մինակ ինձմով բան չէ դառնալու։

Վարպետ Սարգիսը բարկությամբ գլուխը շարժելով դուրս գնաց և Աշոտին ղրկեց դոկտորի ետևից։

Մի ժամից ետ դոկտորը եկավ՝ մի բարձրահասակ և ազնվադեմ մարդ։ Նա քաղաքավարությամբ առաջ մոտեցավ Մարիամին, հարցրավ հիվանդության որպիսությունը վարպետ Սարգսից և մահտեսի Հարությունից, որովհետև հիվանդի մեջ խոսելու կարողություն չկար, հետո բռնեց զարկերակը, երկար քննեց կուրծքը, և ապա բարձրանալով թեթև շարժեց գլուխը և անցավ դեպի Մանիշակը։ Նույն քննությունը կատարեց և օրիորդի վերա։ Հետզհետե բժշկի դեմքը մռայլվում էր, նրա ժպտող երեսը այժմ արտահայտում էր զարյույթ և բարկություն։ «Շատ ուշ է, իմ պարոններ, շատ ուշ է, իմ պարոններ, շատ ուշ է», քրթմնջում էր նա։ Վերջապես նա մոտեցավ երեխային, քննեց նրա պարանոցի ուռուցքը և տեսնելով հերյունի պատռվածը երեխայի պարանոցի վերա՝ մի դառն ժպիտ անցրավ շրթունքների վերա։

—Ո՞վ է հերյունով արյուն հանել երեխայի ուռուցքից, — հարցրավ նա ներկա եղողներից։ Նրանք ցույց տվին մահտեսի Հարությունին։

Բժիշկը կանգնեց և մի բարկացկոտ հայացք ձգելով նրա վրա հարցրավ․

— Երեք հիվանդներին էլ դո՞ւ էիր բժշկում։