Այս էջը հաստատված է

Ը

Դեկտեմբերի ձմեռային առավոտ էր: Քաղաքի արևելյան հորիզոնը ամփոփող լերանց ետևից դեռ նոր ծագել էր արեգակը և բարձրանում էր անամպ և վճիտ երկնակամարի վերա: Նրա ջերմությունից զուրկ ճառագայթների առաջ շողշողում էին տների սրածայր ձյունապատ տանիքները: Բոլոր քաղաքը արդեն յուր սովորական շարժության մեջ էր: Այս միջոցին արհեստավորների թաղում վարպետ Սարգսի տունը ներկայացնում էր մի անսովոր կերպարանք: Նրա բակի և տան մեջ խռնված էր խառնիճարանճ ամբոխ: Այստեղ, այնտեղ երևում էին խաչվառներ, մոմեր, աշտանակներ, որոնք մի տեղից մյուս տեղն էին փոխադրում. լսվում էին բուրվառների շաչյուն, քահանաների հաստ և համոզկեր ձայներ, իսկ սենյակների ներսից ողբ և լաց…

Բայց ի՞նչ է պատահել այստեղ: Մեր երեք հիվանդները նույն գիշերը ավանդել էին իրանց հոգիները մեկ մյուսից մի քանի ժամ հետո: Սարսափելի դժբախտության լուրը մի րոպեում տարածվել էր ամբողջ թաղի մեջ և ժողովել այստեղ ահագին բազմություն: Թե՛ դրացի, թե՛ բարեկամ և թե՛ օտար սարսափով էին լսում հասած դժբախտության մանրամասնությունները և ամենքը այս մի առանձին երկնային պատիժ էին համարում իրենց խրատելու համար աստծուց տրված:

— Մարդիկ մեռնում են, —ասում էին նրանք,— բայց այսպիսի թշվառություն մինչև այսօր տեսած չունեինք: Մայր, աղջիկ և տղա երեքը միասին միևնույն գիշերի մեջ մեռած, ո՞վ է տեսել կամ ո՞վ է լսել... իհարկե սա մի երկնային պատիժ է:

—Ընդհակառակը, մի երկնային բարություն, — պատասխանում էր մի քանիսին վարպետ Սարգիսը,— որովհետև այսպիսով աստված կամեցել է միանգամից ազատել հանգուցալներին այն անողորմ լութերականի ձեռքից: — Նա խոսում էր նա ոսկերիչ Գրիգորի մասին, որը մինչև անգամ ոչինչ դեռ չգիտեր յուր ընտանյաց հասած դժբախտության մասին:

Նախընթաց գիշերը ոսկերիչը անցրել էր քարոզիչ Ավետիքի