Այս էջը հաստատված է

«եղբայրներից» մի քանիսը խանգարեցին: Քարոզչի տուն հասնելուց մի քանի ժամ հետո ոսկերիչը պատահմամբ կամեցավ դուրս գնալ պատշգամբ: Նա դեռ ոտքը պատշգամբը հանող դռանը չէր կոխել, երբ պատշգամբում մի գաղտնի խոսակցության շշուկ զարկավ յուր ականջին: Նա իբր կատակ հետաքրքրվեցավ լսել, ուստի անշարժ յուր տեղը կանգնելով, ականջը ուղղեց դեպի շշնջող կողմը և որոշակի լսեց հետևյալը.

— Ճշմարի՛տ, որ երեքն էլ վախճանվել են — հարցնում էր «եղբայրներից» մեկը:

— Այո՛, թե՛ կինը, թե՛ աղջիկը և թե՛ որդին:

— Երեքն էլ ա՞յս գիշեր, — զարմազմամբ հարցնում էր մի երրորդը:

— Այո, երեքն էլ այս գիշեր:

— Իսկ եղբայր Գրիգորը ոչինչ չգիտե՞:

— Ոչ նա այս գիշեր այստեղ է անցրել…

Ոսկերիչը այլևս չկարողացավ լսել, նրա գլուխը պտտվեցավ, աչքերը սկսան մթագնել, նա գոչելով դուրս գնաց պատշգամբը.

— Ո՞ւմ համար եք խոսում, այդ ինչ է պատահել ո՛՞վ է մեռածը, ինչու ինձանից ծածկում եք, կի՞նս, որդի՞քս…

Նա դողալով և գունաթափ հետզհետե հարցեր էր անում նրանց: Բայց «եղբայրները» հանկարծակի գալով ոչինչ չէին կարողանում պատասխանել նրան, այլ շվարած նայում էին:

Ոսկերիչը գժվածի պես մտավ տուն, նա պատահեց քարոզչին յուր ընդունարանում:

— Այս ի՞նչ են խոսում, Ավետի՛ք, — գոչեց նա դեպի քարոզիչը, — ու՞ր է կինս, ո՞ւր են որդիներս, նրանք մեռել են տա՛ր ինձ նրանց մոտ, տար ինձ… Դուք ինձ քնացրիք, դուք ինձ ամեն բան մոռացնել տվիք, տա՛ր ասում եմ ինձ նրանց մոտ…

Այս ասելով նա բռնի քաշեց քարոզչի թևից և առաջ ձգեց: — Ի՞նչ ես անում, այ մարդ սպասիր, ես ոչինչ չգիտեմ, ո՞վ է մեռել…

— Ո՞վ թ մեռել, — կատաղությամբ գոչեց ոսկերիչը, կինս,