{{Կենտրոն|Դ
ԻՄ ՔՐՈՋ ՏԱՆԸ
Շուտով մենք հասանք տուն։ Քույրս յուր բոլոր քնքշությունները ժողովել էր ի մի՝ ինձ յուր տան մեջ տեսնելու համար։ Նա ուրախությունից չգիտեր ինչ աներ։ Կամ ծառային էր պատվերներ տալիս այս ու այն բանը ինձ համար պատրաստելու, կամ աղախնին էր հրամայում ինձ սպասավորելու, և կամ նրանց վերա չվստահանալով այս ու այն կողմն էր վազվզում անձամբ իմ հաճույքները կատարելու, հաճույքներ, որոնց ես չէի արտահայտում, բայց ինքը յուր երևակայության մեջ ստեղծում էր ինձ համար։ Վերջապես նա ինձ տարավ յուր լվացարանի մոտ և ներքնատանից յուր ձեռքով հանած թարմ և ցուրտ ջրով ստիպեց ինձ լվացվելու։
Ապա պայուսակս բանալով հանեց ինձ համար նոր հագուստներ և ինքը շտապեց իմ մյուս պետքերը հոգալու, որոնք նրա կարծիքով բազմաթիվ էին։
Երբ ես արդեն հագնվել էի, ներս մտավ փեսաս և հրավիրեց ինձ տան պատշգամը թեյ խմելու։ Մենք միասին դուրս գնացինք։ Բայց մինչև որ քույրս մեզ կընկերանար, ես կամեցա նրա տունը հետազոտել, ուստի փեսայիս հետ միասին սկսեցի ամեն կողմ շրջակայել։
Քրոջս տունը, որ յուր ամուսնու սեփականությունն էր, գտնվում էր քաղաքի առաջին փողոցի վերա ծովափի մոտ։ Նա մեծ չէր, բայց պարունակում էր յուր մեջ մի համեստ ընտանիքին անհրաժեշտ բոլոր բաժանմունքները։ Մի չափավոր մեծությամբ դահլիճ, որը միևնույն ժամանակ և նրանց ընդունարանն էր, մի սեղանատուն, երկու ննջարաններ և մի գրասենյակ, իրենց նախասենյակով, խոհանոցով, երկու ներքնատներով և ոչ ընդարձակ բակով կազմում էին այդ տան ամբողջությունը։ Ընդհանուր հայացքով այդ տան շինությունը շքեղ և զարդարուն չէր, բայց պարզ էր և վայելուչ։ Նրա արտաքին գեղեցկությունը կազմում էին յուր ձյունի պես սպիտակ պատերը՝ իրենց ընդարձակ և լուսավոր պատուհաններով և երկու փոքրիկ երկնագույն պատշգամբներ՝