Այս էջը հաստատված է

Կան մարդիկ, որոնք չափից դուրս խստապահանջ են և չնայելով, որ ապրում են այնպիսի մի ժամանակում, երբ պարտք ճանաչելն ու կատարելը ոչ միայն թուլության նշան է համարվում, այլև ծաղու առարկա է դարձած, այսուամենայնիվ պահանջում են, որ պարտաճանաչ մարդը զրկվի մինչև անգամ այն փոքրիկ մխիթարությունից, որը նա ստանում է յուր շրջապատողների խրախույսներից: «Այդ մարդը միայն յուր պարտքն է կատարել» ասում է խստասիրտ բարոյախոսը և զայրանում է՝ երբ լսում է նրա մասին գովություններ, որոնք յուր կարծիքով ավելորդ բաներ են, Բայց չէ՞ որ խավարի մեջ ծաղիկներ չեն աճում և ծայրահեղ համեստության ներքո թառամում է ճշմարիտ առաքինությունը։ Քանի որ արեգակի տակ հավասար իրավունքներով են օգ շնչում հոգածուն և անհոգ մարդը, աշխատավորը և հափշտակողը, խնայասերը և շռայլողը, գոնե մարդիկ այնքան խելք և սիրտ պիտի ունենան, որ բնության այդ անիրավ հավասարասիրտությունը չափավորեն, տալով «որում զհարկս՝ հարկս և որում զպատիւ պատիւ»:

Ահա հենց այս տեսակետից նայելով ես ա՛յն կարծիքին եմ, որ թույլ բնավորությունները մանավանդ, որպիսիք են կանանցը, պետք ունին ավելի քաջալերության և խրախուսանքի, երբ նրանց մեջ երևան է գալիս գործունեության ուժը և պարտաճանաչության արդյունավոր զգացմունքը: Այն կինը, որ ըմբռնում է յուր կոչումը և բարձր է պահում նրան— արժանի է հարգանքի և քաջալերության. իմաստակ անտարբերությունը կարող է վհատեցնել նրան, իսկ մի վհատյալ կինը անպետք է իր ընտանիքի համար։

Պարզ է ուրեմն, թե ինչու համար ես ուրախանում էի քրոջս աշխատասիրությունը տեսնելով և թե ինչու ես իրավունք էի տալիս նրան պարծենալու յուր պարտաճանաչ տանտիկնությամբ,

Բոլոր տունը շրջագայելուց հետ մենք դուրս եկանք այն պատշգամբը, որը նայում էր ծովի և նավահանգստի վերա։ Այստեղ մաքուր սփռոցով ծածկված սեղանի վերա արդեն պատրաստ էր փայլուն ինքնաեռը, թեյի բոլոր պարագաներով։ Քույրս իսկույն ձեռք առավ յուր պաշտոնը մի առանձին