Այս էջը հաստատված է

իմ քրոջ ընտանիքում. ճշմարիտ խոսելու համար ես դեռ ժամանակ շատ ունեի։

Գիշերից մի քանի ժամ արդեն անցել էր, երբ ես իմ համարատվությունը վերջացրի, և բոլորս միասին ընթրիքի նստանք։ Այստեղ արդեն մեր խոսակցությունը ոչինչ կապ չուներ յուր մեջ. մենք խոսում էինք ամեն բանից և՛ կերակրից, և՛ ծառաներից, և՛ դրացիներից, և կամ կատակներ էինք անում, երգում էինք և ծիծաղում։ Միայն ընթրիքի վերջում չգիտեմ ինչպես պատահեց, որ մենք դարձյալ հիշեցինք օրիորդ Լուսինյանին և մի փոքր ժամանակ էլ նրա անվանը նվիրեցինք մեր խոսակցությունը։ Թեպետ ես կկամենայի ավելի երկար զբաղվել այդ վերջին զրուցատրությամբ, որովհետև զգալի կերպով հետաքրքրել էր ինձ այդ օրիորդի անձնավորությունը, բայց որովհետև ճանապարհի հոգնածությունից արդեն ծանրանում էին իմ աչքերը, ուստի բարի գիշեր մաղթելով սեղանակիցներիս խույս տվի ինձ համար պատրաստված ննջարանը իմ բախտը Մորփեոսին հանձնելու համար:

Ե

Նոր ծանոթություններ

Հետևյալ առավոտ ես շատ ուշ զարթեցի։ Քույրս ինձ հայտնեց, որ այդ օրը մենք հրավիրված էինք քաղաքից դուրս ոչ շատ հեռու գտնվող այգիներից մինում ճաշի, և պետք է շտապեինք ըստ սովորութան մի փոքր վաղ այնտեղ գտնվելու։ Այդ լուրը ինձ ուրախացրեց, որովհետև ես սիրում էի բացօթյա զվարճությունները, բայց ավելի մեծ եղավ իմ ուրախությունը, երբ իմացա, որ մեզ հրավիրողը Լուսինյանների ընտանիքն է։

— Այսօր Մարգարիտայի ծննդյան օրն է,— ասաց քույրս,— այդ պատճառով և նրա ծնողները ըստ սովորության ճաշկերույթ են պատրաստել իրենց սեփական այգում։

— Ուրեմն այստեղ ուրիշ շատե՞րը կլինին,— հարցրեցի ես։

— Գրեթե քաղաքիս մեջ գտնված հայ ընտանիքների մեծ