Այս էջը հաստատված է

- Ամալիան մեծանում է, նրան պետք է ուսում և կրթություն — վճռեց հոգատար մորեղբայրը և իշխանուհի օրիորդին հանձնեc օրիորդաց գիշերօթիկ վարժարանին։

Այնուհետև ի՞նչ էր անում այդտեղ Ագապյան գեղեցկուհին, ոչ ոք հաստատը չգիտեր, միայն թե վարժապետ և Վարժուհի՝ բոլորն էլ միաբերան գովում էին նրա գերբնական ընդունակությունները, որոնք, նրանց ասելով, մրցում էին օրիորդի մեջ նրա արտաքին գեղեցկության հետ։ Այն գովությունները, որոնք մեծ մասամբ շռայլվում էին իշխանուհու տանը, և այն սուրճի կամ շոկոլադի վերա, կատարելապես գոհացնում էին իշխանուհու յուր դստեր վերաբերությամբ ունեցած հետաքրքրությունը։ Շատ քիչ էր պատահում, որ նա ինքը անձամբ այցելեր վարժարանը և ստուգեր յուր լսածները։ Բարոյականի վերաբերությամբ մանավանդ խոսք լինել չէր կարող, որովհետև օրիորդական գիշերօթիկը հռչակված էր այդ կողմից յուր խստությամբ։ Այդպես էին ասում գոնե այդտեղի դաստիարակչուհիները։ Իշխանուհուն անհանգստացնողը միայն ուսման տարիներն էին, որոնք շատ ծանր էին հոլովվում։

Բայց ինչո՞ւ համար էր նա շտապում, կհարցնեք դուք։— Դրա պատճառները շատ էին։ Լինել իշխանուհի և ունենալ մի գեղեցիկ աղջիկ, մի աղջիկ, որի աչքերը կարողանային խելագարացնել երիտասարդներին, դա մի գանձ է։ Բայց շատ քիշ մայրեր կան, որոնք կարողանում են օգտվիլ աստվածատուր պարգևից: Իսկ իշխանուհի Դարիան, որ ապատոհմիկ կանանց խորամանկության հետ միասին ուներ և իշխանական կոչման դյուրությունները, գիտեր, թե յուր տան համար ո՞րպիսի երջանկության հիմնաքար պիտի պատրաստեր Ամալիան։

երբ նա տասնութամյա հասակում թողներ վարժարանը, հարկավ պիտի երևար ժողովրդյանը յուր հրեշտակային գեղեցկությամբ՝ զարդարված հոգեկան և մտավոր հարստություններով։ Քաղաքի զբոսարանները, ակումբները, թատրոնները, պարահանդեսները, որոնք մինչ այն երևան չէին հանել մի ճշմարիտ գեղեցկություն, վերջապես կտեսնեին նրան իրենց մեջ, ինչպես մի լուսավոր աստղ, որ փայլփլում