Այս էջը հաստատված է

խոստացել էր, որ հիսուն հազարատեր Ժամանակը կամուսնանա, այսինքն մի որոշ գումար ավելի կծախսե և ահա՛ նա ցանկանում էր, իբրև ազնիվ մարդ, յուր խոստումը կատարել։ Բայց որովհետև որոշ գումարը արդեն Պետրոսը խլեց, հարկ չկա ասել, որ էլ ամուսնանալը անկարելի էր։ Նրան մնում էր նորից ոգևորվել, նորից մեծ աշխատությունների ձեռնարկել, որպեսզի պակասելիք դրամագլխի փոխարենը վերադարձնե և այս ճանապարհով երրորդ անգամ ամուսնության վերա մտածելը հնարավոր անե։ Այդպես էլ արավ պ. Թովմասը։ Նա ամենայն եռանդով նորանոր գործերի ետևից ընկավ. հանգիստ, ուրախություն, զվարճություն էլ նրա համար չկային։ Մի քանի տարի շարունակ նա աշխատում էր և աշխատում էր չարաչար, առանց հոգնելու. իսկ բախտը նրան ժպտում էր շարունակ... Վերջապես նա հասավ այս օրվա երանելի դրության, երբ նա արդեն երկու հարյուր հազարի չափ կարողություն ունի։ Նա այդ տեսնում էր հպարտությամբ. բայց դժբախտաբար տեսնում էր և այն, որ տարիները հոլովվել են անզգալի կերպով. այսօր նա հիսունևհինգ տարեկան է և երիտասարդուհիները այլևս նրանով չեն հետաքրքրվում... Թովմասը ինքն էլ զգում էր, որ էլ ավելորդ էր նվիրաբերել Աստղկան յուր գծուծ ընծան...— Ի՞նչ անել ուրեմն,— մտածում էր նա, և ապա շատ շուտով գալիս էր այն եզրակացության, որ էլի լավ է հարստանալ, անվերջ հարստանալ...

Բայց ո՞ւմ համար էր ժողովում Թովմասը այս հարստությունը, քանի որ նա ոչ ամուսնանում էր, ոչ յուր բարեկեցության համար էր ծախսում, ոչ կարոտյալներին էր օգնում, ոչ բարեգործության էր նվիրում...

Այդ հարցին, իհարկե, դժվար է պատասխանել, որովհետև նա ոչ ոքի չէր հայտնում յուր գաղտնիքը։ Սակավաթիվ բարեկամներից ոմանք այն կարծիքն ունեին, որ իբր թե Թովմասը նախանձում է Մելքոն-աղա Խալաթյանի փառքին և աշխատում է եթե չգերազանցել՝ գոնե հավասարվել նրան...

Ո՞վ կարող էր այս բանի մեջ մեղադրել Թովմասին։ Մելքոն-աղա Խալաթյանը համարվում էր քաղաքի մեջ առաջին