Այս էջը հաստատված է

հարուստը. նա կես միլիոն կարողություն ուներ, նա հասարակական գործերում կշիռ ու ձայն ուներ, նա իրեն դիմող նեղյալներին ամեն ձեռնատվություն կարողանում էր անել, որովհետև նա ազդում էր նույնիսկ պաշտոնական անձանց վերա... Բայց Թովմասը զուրկ էր այս բոլոր առավելություններից և կարծես այդ բավական չէ, դեռ ժողովուրդն էլ Մելքոն Խալաթյանին աղա անունն էր տալիս, իսկ Թովմասին՝ պարոն: Եվ մի՞թե սա վիրավորական չէր։ Թովմասի չափ ինքնասիրություն ունեցող մարդը միայն կարող էր մտնել Թովմասի դրությունը և կարեկցել նրան...

Եվ այն օրից սկսած, որ պ. Թովմասը եկավ այն եզրակացության, թե անընդհատ աշխատությամբ կարող է մի օր Մելքոն-աղայի փառքը նսեմացնել, նա էլ դադար ու հանգիստ չուներ։ «Թո՛ղ աստված մահ չտա ինձ այնքան ժամանակ, մինչև որ Մելքոն Խալաթյանին հավասարվիմ իմ հարստությամբ,— մաղթում էր Թովմասը,— այնուհետև եթե մեռնեմ էլ չեմ ցավիլ, որովհետև ժողովուրդը կիմանա վերջապես, որ Թովմաս-աղա Մարալյանը յուր մահից ետ թողեց կես միլիոն կարողություն...»։

Մենք, իհարկե, չենք մեղադրիլ պ. Թովմասին. սա էլ մի նպատակ է, որ ահա՛, ինչպես տեսնում եք, ունի յուր պաշտողը։ Կյանքի վերաբերությամբ մարդկանց հայացքները զանազան են։ Կան մարդիկ, որոնք ստամոքսի մեջ են որոնում երջանկությունը, և մարդիկ, որոնք գրպանից դուրս փրկություն չեն ճանաչում...

Բարոյագետներին թողնենք նրանց դատելու իրավունքը, իսկ մենք դառնանք մեր պատմության։

Բ

ՄԻ ՇԱՀԱՎՈՐ ԳՈՐԾ

Բոլորովին անակնկալ կերպով տեղեկացավ նրա մասին պարոն Թովմասը։ Ամառային մի շոգ օր՝ խանութի մեջ անցուդարձ անելուց ձանձրացած, նա հրամայեց, որ աթոռ