Այս էջը հաստատված է

է խավար հորիզոնի վերա, և հարուստ փեսացուները, որոնք լապտերներով գեղեցկուհիներ էին փնտրում, խելագարված գրոհ կտային նրա ետևից դեպի Ագապյան ապարանքը… Իսկ այնուհետև ո՜րքան նոր ծանոթություններ, ո՜րքան պատիվներ, ո՜րքան ընծաներ կշրջապատեն տիկին իշխանուհուն և ո՜րքան ստրուկներ կվխտային նրա ոտքերի մոտ՝ գեղեցիկ Ամալիայի ձեռքը խնդրելու համար…

Բայց իշխանուհին, իհարկե, շուտ չի գրավվիլ, նա խելք ունի․ նա կուսումնասիրե բոլորին, կշոշափե հարյուրավոր սրտեր և նույնչափ գրպաններ, և երբ կգտնե մի մարդ (գեներալ լինի նա թե իշխանազն), որ յուր հրաշալի դստեր ըստ ամենայնի արժանի լինելուց զատ, կարող կլինի նաև յուր իշխանական տան վաղեմի նիստ ու կացը նորոգել, նա կտա նրան Ամալիայի ձեռքը և ընդնմին յուր անձնական պահանջների մի համեստ ցուցակ…

Ահա սրանք էին իշխանուհի Դարիայի երազները, յուր անդրանիկ դստեր վերաբերությամբ և սրա համար էր, որ օրիորդի ուսման տարիները նրան շատ երկար էին թվում։ Հակառակ կամ դժբախտ դեպքերի մասին իշխանուհին չէր սիրում մտածել, և ճշմարիտը խոստովանած, շատ լավ էր անում, որովհետև դժբախտություններն իրենց այցելած ժամանակ արդեն մտատանջության համար բավական նյութ են բերում. ի՞նչ անմտություն է, ուրեմն, նրանց երևան գալուց առաջ տխուր մտածմունքներով զբաղվիլ։

Բայց թողնենք իշխանուհուն յուր երազների հետ։

Բ

Մի քանի խոսք պարոն Արսեն Մաշտոցյանի մասին։

Ժամանակակից երիտասարդների մեջ նա աչքի ընկնող մի անձնավորություն էր, օժտված այն ամեն բարեմասնություններով, որոնք երիտասարդ մարդու անվանը թե՛ պատիվ և թե' փառք են բերում։

Այսպես, օրինակ, մտավոր կողմից նա բավական զարգացած էր, որովհետև ավարտել էր գիմնազիական կուրսը