Այս էջը հաստատված է

Բայց ինչ վերաբերում էր փող հավաքելուն, այդ բանի համար Միկիթն ուներ ավելի առատ աղբյուրներ։ Բացի յուր պաշտոնը, որ նա կատարում էր ամենայն խղճով և ճշտությամբ, նա մյուս կողմից էլ դատարան հաճախողների, կամ այլ անձանց համար պատրաստում էր զանազան խնդրագրեր, զեկուցումներ, պատճեններ և այլ այս տեսակ աշխատություններ, որոնց համար և առատությամբ վարձատրում էին նրան։ Միկիթը գնի անհամաձայնության պատճառով երբեք չէր հեռացնում իրենից և ոչ մի խնդրատուի։ Նա կանոն էր դրել յուր համար—վերցնել՝ ինչ էլ որ կտային, շա՞տ լիներ այդ տվածը թե քիչ, համապատասխաներ յուր աշխատությանը թե ոչ. որովհետև նա համոզված էր, որ ավելի լավ էր ստանալ մի բան, քան ոչինչ։ Նրա ընկերները, ընդհակառակն, մի գործ շինելու համար ամբողջ ժամերով սակարկություն էին անում և վերջ ի վերջո չհամաձայնելով իրեն դիմող խնդրարկուի հետ, հեռացնում էին նրան իրենցից։ Այդպիսի ժամանակները Միկիթը աչքից չէր փախցնում ոչ ոքին, թեկուզ ինքը ուրիշ շատ գործերով էլ զբազված լիներ։ Հենց որ խնդրարկուներից մինը գնի հետ չհամաձայնվելով հեռանում էր յուր ընկերներից, նա կամացուկ հետևում էր նրան, և նախասենյակի մեջ պատահելով՝ առաջարկում էր նրան յուր ծառայությունը, ինչ գնով էլ որ նա կցանկանար։ Համաձայնությունը կայանում էր և Միկիթը, յուր ընկերներից գաղտնի, շինում էր խնայող խնդրարկուի գործը և գաղտնի էլ ստանում վարձատրությունը։ Շատ անգամ էլ նա փողով շինում էր յուր ծույլ ընկերների գործը. իսկ հաճախ` նա նրանց փոխարեն օրապահություն էր անում, կանխիկ ստանալով նրանցից այդ նեղության համար մի կամ երկու ռուբլի։ Այսպիսով, ամբողջ շաբաթվա մեջ Միկիթը օրապահ էր կանգնում գրեթե երեք կամ չորս օր. և այս կամավոր բանտարկությունը ոչ միայն չէր ձանձրացաւմ նրան, այլև մի ներքին ու հոգեական զվարճություն էր պատճառում, մանավանդ երբ նա մտածում էր, թե դրա համար նա փող է ստացել։ Այդ միջոցը մյուս կողմից օգնում էր նրան ժամանակ վաստակելու և կողմնակի խնդրարկություններից