Այս էջը հաստատված է

ստացավ։ Բայց նրա բախտի անիվը կանգ չպիտի առներ այդտեղ։ Մի քանի ծանրակշիռ գործերում Միկիթի ցույց տված առաջադիմությունը գրավեց դատավորի ուշադրությունը և հետևյալ տարին նա սեղանապետության պաշտոնը հանձնեց նրան։

Փոքրիկ քաղաքների մեջ, ինչպիսին Միկիթի ծննդավայրն էր, մարդիկ շատ շուտ են անվանի դառնում. մինչև անգամ դատարանի սպասավորը, որի գոյությունը մայրաքաղաքներում չեն նկատում, առանձին հարգանք է վայելում այստեղ. կան մարդիկ, որոնք մինչև անգամ հավատում են, թե դատարանում հաջողություն ձեռք բերելու համար առաջին անգամ սպասավորի իշխանությանը պետք է հարգել... Կարծիք չկա, ուրեմն, որ այսպիսի տեղը Միկիթի նման մարդը, որ հանկարծ սեղանապետության աստիճանին էր հասել, շատ ավելի մեծ հարգանքի և պատիվների պիտի արժանանար։ Եվ ահա ժողովուրդը, որ դյուրապատրաստ է ամեն մի փքված ուժ աստվածացնելու և բուն աստվածները կործանելու, հացթու֊խի տղա Միկիթին բեկ պատվանունն է շնորհում, որը, երևի հենց այդ պատվանունից քաջալերված, երկու տարուց ետ դատարանի ատենադպրի պաշտոնին տիրացավ։

Այնուհետև մարդիկ իրար գլուխ էին պատռում Միկիթ-բեկի ծանոթությունը և բարեկամությունը վաստակելու համար, բայց նա յուր այդ փառքի մեծության ժամանակ անգամ չէր մոռանում յուր խիստ սկզբունքը, որ էր—չարժանացնել ոչ ոքի յուր բարեկամությանը' առանց արժանավոր վարձատրության...

Միայն մեր ծանոթ պ. Թովմասը առանձին հարգանք էր վայելում Միկիթ-բեկից, որովհետև նա էլ յուր հերթում մեծ ակնածությամբ էր վերաբերվում դեպի վերջինս։ Թովմասը Միկիթ֊-բեկին ճանաչում էր նրա մանկության հասակից և հիացմամբ հետևել էր նրա աստիճանաբար առաջադիմության։ Երբ Միկիթ֊-բեկը հասավ ատենադպրության պաշտոնին, պ. Թովմասը բացականչեց.— «Ահա՛ մի մեծ մարդ...»,֊— և այնուհետև Միկիթ-֊բեկը պ. Թովմասի իդեալն էր. նա միշտ նրան էր դիմում, երբ հարկավոր էր լինում մի որևէ դատաստանական գործի վերաբերմամբ խորհուրդ հարցնել և կամ