Այս էջը հաստատված է

մի պաշտոնական անձի հետ հարաբերության մեջ մտնել։ Այն չափազանց խնայասեր վաճառականը, որ նույնիսկ յուր օրինավոր ապրուստի համար դժվարանում էր փող ծախսելու, միշտ բաց ուներ յուր քսակը Միկիթ-բեկի համար։ Թովմասը նրան իրավունք էր տալիս օգտվելու այդ քսակից որքան և ինչպես ցանկանում էր նա. բայց Միկիթ֊-բեկը պահպանում էր, իհարկե, յուր արժանապատվության կշիռը և միայն առատությամբ օգտվում էր այն ժամանակ, երբ ինքը համոզված էր լինում, թե մի մեծ գործ է շինել Թովմասի համար:

Դ

ՄԻԿԻԹ-ԲԵԿԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է

Բավական ճաշակով բացված սեղանի չորս կողմը անցուդարձ էր անում պ. Թովմասը, խորասուզված մտածմունքների մեջ։ Սիգոյի հաղորդած նորությունը նրան հանգստություն չէր տալիս։ Մանավանդ մինչև այդ օրը կապալների գոյության մասին չմտածելը՝ Թովմասին շատ էր նեղացնում. նա հավատացած էր, որ եթե երկու տարի առաջ գոնե այդ մասին հոգացած լիներ, այսօր յուր հարստությամբ կգերազանցեր Մելքոն աղային։ Բայց յուր կույր բախտից, այդ ոսկեծին գործի համար, ոչ ոք չէր հիշեցրել նրան։ Հենց այդ զրկանքի մեծությունն էր պատճառը, որ Միկիթ-բեկի ուշանալը տխրության ամպեր էր հավաքել Թովմասի ճակատին և րոպեները ժամերի պես էին անցնում նրա համար։ Սպասելուց ավելի վատթար բան չկա. բայց վատթարագույն է, երբ մարդ սպասում է բախտի հետ կապ ունեցող գործերի համար։ Թովմասը այդ վատթարագույն դրության մեջ էր և յուր ամբողջ տան մեջ նա մի անկյուն չէր գտնում, ուր կարողանար հանգիստ շունչ քաշել։

Վերջապես դռան հնչակը քաշեցին՝ Թովմասը սրտատրոփ դուրս վազեց պատշգամբը և որքան մեծ եղավ նրա ուրախությունը, երբ տեսավ Միկիթ֊բեկին, որ յուր կարճահասակ