Այս էջը հաստատված է

Է խոստովան ել, որ ես միայն ձեր տանն եմ ախորժակով ճաշում, որովհետև դուք գիտեք ուտելու համար ծախսել։ Լավ ուտելն էլ մի աստվածատուր շնորհք է,— ավելացրեց Միկիթ-բեկը դարդակելով ռոմի բաժակը և յուր պատառաքաղը ոգևորությամբ դեպի զուրգելի պնակը ուղղելով։

—Իհարկե լավ ուտելն էլ մի շնորհք է, — հաստատեց Թովմասը Միկիթ-բեկի կարծիքը.— ով որ լավ ուտել չգիտի, նա անշուշտ լավ գործելն էլ չգիտե։

— Օ՜, ես չեմ կարող տանել այդ տեսակ մարդկերանց. նստել սեղանի վերա և գոնե մի ամբողջ ժամ չուտե՞լ,... այդ անհասկանալի է ինձ համար. և վերջապես ինչո՞ւ համար ենք ապրում մենք. չէ՞ որ աստված այն բոլոր բարիքները մեզ համար է ստեղծել։

— Իհարկե, իհարկե։

— Այո', ես սիրում եմ մանավանդ երբ կերակուրները բազմատեսակ են, իսկ բաժինները առողջ ու առատ…

— Կարծեմ այդպես բոլորն են սիրում։

— Սխալվում եք, ես հարուստ մարդիկ գիտեմ, որոնք պարապում են միմիայն փող դիզելով, իսկ ստամոքսի համար այնքան են մտածում, որքան իրենց թշնամու համար։ Իմ կարծիքով դա անօրենություն է. չէ որ մարդու միակ բարերարը յուր ստամոքսն է, և մի՞թե կարելի է անուշադիր թողնել մարմնի այն հրաշակերտ մասը, որ մեզ սնունդ և կյանք է տալիս։

— Իհարկե ոչ։

— Բայց կան մարդիկ, որոնք ձեզ նման չեն մտածում. նրանք ստամոքսի վերա նայում են ինչպես մի վնասակար արարածի վերա, որ անդադար սպառնում է իրենց նյութական կարողությանը, և եթե հնար լիներ, նրանք ուրախությամբ կհեռացնեին նրան իրենց մարմնից։

— Իսկ ես էլ կարծում եմ, որ ստամոքսի վերա այնքան մեծ ուշադրություն չպետք է դարձնել,— վերջապես հայտնեց յուր կարծիքը պ. Թովմասը,— օրական մի, կամ շա՛տ շա՛տ երկու անգամ կարելի է կերակրել նրան, և այն էլ մինչև անգամ ցամաք հացով։ Ստամոքսն այդ համեստ կերակրով էլ կարծեմ մեզ բավական սնունդ կտա։