Այս էջը հաստատված է

Բայց մեծ դժվարությունը նրանումն է, որ կարողանայինք ուրիշ ցանկացողներին ետ կանգնեցնել իրենց դիտավորությունից, այսինքն աճուրդի օրը այդպիսիները կամ ձեռնպահ մնային և կամ այնպիսի գներ առաջարկեին, որ կապալը իրենց վերա չմնար։

— Ամեն բան դո՛ւք պետք է անեք, Միկի՛թ-բեկ, ես ոչինչ անել չեմ կարող։

Միկիթ-բեկը կրկին մտածմունքների մեջ խորասուզվեցավ և Թովմասը կրկին սկսավ հիանալ նրա ճակատի կնճիռներով։

—Իմ կարծիքով միայն չորս հոգիներ կան, որոնք անպատճառ կմասնակցեն այդ աճուրդին.— սթափվելով յուր մտածմունքներից, կրկին խոսեց Միկիթ-բեկը,— առաջինը Մելքոն-աղան է, երկրորդը՝ բազազ Սարգիսը, երրորդը՝ Ամիրի տղան, չորրորդը՝ ձուկ Ավետիսը։ Դրանցից այս վերջին երեքը իմ մարդիկներս են. և երեքն էլ առանձին-առանձին ինձ պետք է դիմեն իրենց առաջարկության թղթերը գրել տալու համար, որովհետև նրանցից ոչ մեկը չգիտե, թե մյուսն էլ իմ բարեկամն է։ Ուրեմն նրանց թղթերի հետ ինչ խաղ խաղալը ես կիմանամ։ Մնում է Մելքոն-աղան, որին ես մոտենալ չեմ կարող, որովհետև նա ունի յուր սեփական փաստաբանը, որին դիմում է կարևոր միջոցին։ Նրան այս գործից հեռի պահել կարելի է միայն խնդրելով։ Նա յուր կյանքում շատ կապալներ է վերցրել և շատ էլ մեծ փողեր է աշխատել, եթե դուք հանձն առնեք գնալ և նրան խնդրել, որ այս անգամ ձեռնպահ մնա այս կապալից, նա կարող է հարգել ձեր խնդիրը։ Հակառակ դեպքում կարող եք նրան խոստանալ և առանձին գոհացում։ Եթե կարողանաք ետ կանգնեցնել նրան այս կապալից, ես խոստանում եմ կապալը անատճառ վերցնել ձեզ համար։

— Կերթամ, կխնդրեմ, կաղաչեմ,— ոգևորությամբ բացականչեց Թովմասը,— կերթամ հենց այս րոպեին, եթե կհրամայեք։

— Գնացեք մի երկու ժամից ետ, երբ նա արդեն քնից վերկացած կլինի։ Վաղը դատարանը արձակվելուց ետ՝ ես կրկին կգամ ձեզ մոտ։ Եթե մի ուրախ լուր բերած կլինիք ես