Այս էջը հաստատված է

կմնամ ձեզ մոտ ճաշելու և միասին կխորհրդակցենք գործի մնացյալ կետերի համար,— ասաց Միկիթ-բեկը, և ապա շնորհակալություն անելով Թովմասին նրա հյուրասիրության համար՝ դուրս գնաց:

Պ. Թովմասր ճանապարհ դրավ նրան մինչև սանդուղքների վերջը:

Ե

ՄԵԼՔՈՆ-ԱՂԱՅԻ ՄԻԱԿ ՑԱՎԸ

Մինչև նշանակված երկու ժամը լրանալը, պ. Թովմասր կարևոր համարեց շտապել շուկան յուր խանութն ու գործերը աչքե անցնելու, որովհետև վախենում էր, որ յուր բացակայության ժամանակ գործակատարները մի որևէ սխալմունք գործած լինեին։ «Գուցե այս գործը չէ հաջողում, ինչո՞ւ համար իսկականը հավանականին զոհենք»,— մտածում էր պ. Թովմասը։ Բայց փառք աստուծո, ոչինչ դժբախտություն չէր պատահել, ամեն բան յուր տեղն էր։

Նշանակած ժամերը յուր սիրելի խանութի մեջ անցնելուց ետ վերջապես նա բռնեց Մելքոն-աղայի տան ճանապարհը։ Բայց որպեսզի գործակատարները չիմանային, թե նա կրկին բացակայում է խանութից, պ. Թովմասր դիտմամբ կամ այս խանութի առաջն էր կանգնում ու խոսակցում, կամ այն խանութի, կամ երրորդի, կամ չորրորդի, մինչև որ անզգալի կերպով դուրս գնաց շուկայից, իսկ գործակատարները կարծում էին, թե նա դեռ շուկայումն է գտնվում և ամեն րոպե կարող էր ներս մտնել խանութ։

Այսպես անելը, իհարկե, հարկավոր էր նրանց զգաստ պահելու համար։

Թեպետ կեսօրից չորս ժամ արդեն անցել էր, բայց արեգակը դեռ այրում էր քաղաքի փողոցներում։ Ամեն տեղ անցուդարձը նվազել էր։ Շուկայում խանութպաններից ոմանք քաշվել էին խանութների անկյունը և գլուխները դախլի կամ