Այս էջը հաստատված է

հաշվետետրերի վերա դրած՝ խոր քնով խռմփում էին, ուրիշներն անգործությունից դադրած՝ հավաքվել էին այս ու այն դրացու մոտ և անհոգությամբ զրույց ու կատակներ էին անում, աշխատելով քեսադ առևտրի օրը շուտով մթնացնելու։ Սակավ էին այն բախտավորները, որոնց օրվա այդ ժամին հաջողվել էր ձեռք գցել ընկերներից ետ մնացած մի գյուղացի, կամ հեռու թաղերից եկած մի անփորձ տղա, և մի փոքր առևտուր անել, վաճառելով նրան ապրանքի հետ միասին և երդումների մի ամբողջ շարական։ Մեծ հրապարակն անգամ, որ քաղաքի միակ բաբախող սիրտն էր, վաղուց անշնչացել էր։ Նպարավաճառները էլ չէին լսեցնում իրենց գովասանական անախորժ բացականչությունները և հաղթահարված տիրապետող տոթից, հազիվ մեկ-մեկ ջուր էին սրսկում թառամող վարունգներին, կամ կանաչեղենի թաբախներին: Հարևան մսագործները ահագին փափախով գլուխները եղոտ կշռասեղանի վրա դրած՝ անուշ-անուշ քնում էին, թողնելով ճանճերին շահատակելու մսի կիսանների վերա, որոնք արևի տաքությունից արդեն դեղնել և չորացել էին. քաղաքի կշիռը նույնպես անգործ ընկած էր։ Պարոն կշռապահը յուր անկեղծությունը ա՛յնտեղ էր հասցրել, որ ծալապատիկ նստել էր կշեռքի լայն թաթերից մեկի վրա և մեծ գավաթով մածնեբրթուշը առջևը դրած՝ ջերմեռանդությամբ ուտում էր, գրգռելով իրեն շրջապատող սակավաթիվ գյուղացիների թե՛ ախորժակը և թե՛ նախանձը։

Ամբողջ քաղաքի մեջ միայն աղա-Մելքոնի պարտեզն էր, որ օրվա այդ տոթագին ժամին զովասուն էր և հովաշունչ էր։ Գեղահասակ բարդիները, որոնք բոլորում էին ամբողջ պարտեղը և հողմի յուրաքանչյուր հոսանքից քաղցր շրշյունով ծածանվում էին աջ ու ձախ, բազմամյա ակաթենիները, որոնք երկուստեք հովանավորում էին աղյուսախճի ճեմելիները և իրենց ձյունաթույր ու ողկուզաձև ծաղկեփնջերով նրանց կանաչազարդ կամարակապը զարդարում, սաղարթախիտ ուռենիները, որոնք շրջաբոլոր եզերում էին ընդարձակ ավազանը և սփռում նրա շատրվանի վերա մի սիրախորժ ստվեր, և վերջապես բազմաթիվ պտղատու ծառերը, որոնք գրավել էին պարտեզի մի ընդարձակ մասը և գունավորել