մեջ յուր աղջկա համար հոգալու բոլոր եռանդը։ Ի՞նչ բան էր այդ այլանդակված աղջիկը, եթե ոչ նախատինք և ամոթ յուր մոր համար։ Նա նրա հետ չէր կարողանում երևալ ո՛չ փողոցում, ո՛չ եկեղեցում, ո՛չ յուր բարեկամների տանը։ Տեսնողները պիտի կարծեին, թե Նատաշան յուր աղախինն է և ոչ յուր աղջիկը։ Եվ իրա՛վ, ի՞նչպես կարելի էր, որ տիկին Խալաթյանը, այն գեղեցիկ և պճնվող Անիչկան, այդպիսի մի այլանդակ աղջիկ ունենար… Այդ պատճառով նա ընդմիշտ թողեց նրան տան մեջ յուր աղախինների հոգատարության ներքո, որոնք նրանից շինեցին այն, ինչ որ կարող էին. այսինքն մի համառ, ստահակ, բարոյապես և մտավորապես փչացած աղջիկ։ Ճշմարիտ է, վերջերում, երբ Մելքոն-աղան. սահմանափակեց յուր լայնածավալ գործերի շրջանը, նա առանձին ուշադրություն դարձրեց յուր աղջկա վերա, և համաձայն ընդունած սովորութ յան՝ վարձեց նրա համար ռուսերենի, ֆրանսերենի և մուզիկի վարժուհիներ, և ամեն միջոց գործ գրավ նրան ըստ պատշաճին կրթելու և դաստիարակելու, բայց բոլոր այդ հոգսերը ուշացել էին արդեն։ Նատալիան թութակի նման սովորեց մի քանի բան, բայց և այնպես նա մնաց միշտ միևնույն փչացած և կորած աղջիկը…
Այս բոլոր անցյալը մի քանի վայրկյանի մեջ մտաբերեց Մելքոն-աղան և ծանր հառաչեց։
— Ինչո՞ւ համար ես հառաչում,— քնքշաբար հարցրեց տանտիկինը, որ դեռ կախված էր նրա թևից և կարծես տեսնում էր յուր ամուսնու մտատանջության առարկան։
— Նրա համար, որ մի քանի վայրկյան առաջ ես ինձ ամենաբախտավոր մարդն էի կարծում աշխարհի մեջ, և չէի մտաբերում իմ այս թշվառ և ողորմելի աղջկան, որի դժբախտության պատճառը մենք ինքներս ենք։
— Էհ, ի՞նչ բանի վերա ես մտածում, արժե՞ միթե այդքան չնչին պատճառի համար տխրել։ Մի աղջիկ է. ինչպես որ լինի կամուսնացնենք։ Ասենք թե ես ասում եմ տգեղ է, բայց այնքան էլ հո տգեղ չէ, որ տանը մնա։ Արհեստավորներն անգամ իրենց կաղ ու կույր աղջկերանց մարդու են տալիս, հիմա ինչ պատահեցավ, որ Մելքոն-աղայի աղջիկը տանը մնա։ Եվ վերջապես ի՞նչ է պակսում մեր Նատաշին.