Այս էջը հաստատված է

— Դուք ինձ զարմացնում եք ձեր լռությամբ, մի թե մի բան պատահեց ձեզ, խոսեցեք. ի՞նչ եղան աճուրդը, կապալը, դուք դրանց մասին էիք ուզում խոսել։

— Ես այլևս չեմ ուզում դրանց մասին խոսել։

— Ինչո՞ւ:

— Որովհետև կարծում եմ, որ իմ խնդիրը դուք պիտի մերժեք։

— Զարմանում եմ. ո՞րտեղից կարող եք իմանալ, թե ես կմերժեմ ձեր խնդիրը, քանի որ նրա մասին ես դեռ մի խոսք էլ չեմ արտասանել։ Ընդհակառակն, ինչ դժվար խնդիր էլ որ լինի ձեր խնդիրը, դարձյալ ես պիտի աշխատեմ նրան կատարելու, եթե միայն ուժերս կներեն։

Թովմասը մի փոքր սիրտ առավ և շարունակեց.

— Իմ խնդիրը, Մելքոն-աղա, կայանում է հետևյալում: Ինչպես ահա գիտեք, առաջիկա շաբաթ աճուրդ պիտի լինի գնդապետի տանը։ Մեր քաղաքում, որքան ինձ հայտնի է, միայն չորս հոգի կան, որոնք կցանկանան այդ աճուրդին մասնակցելու։ Բայց այդ չորս հոգիների մեջ միայն դուք եք զորեղը, և եթե ցանկացաք, անպատճառ դուք էլ կվերցնեք կապալը։ Բայց որովհետև ես էլ եմ ցանկանում այս անգամ այդ աճուրդին մասնակցել և իմ բախտը մի անգամ կապալի մեջ էլ փորձել, ուստի եկա ձեզ խնդրելու, աղաչելու, որ եթե հնար է, այս անգամ դուք ձեռնպահ մնաք այդ կապալից, գուցե աստված հաջողում է և ինձ վերա է մնում նա։ Մյուս երեք անձինքները ինձ համար երկյուղալի չեն. ես կարող եմ նրանց հեռացնել այդ գործից, բայց դուք կարող եք ինձ արգելք լինել, այդ պատճառով էլ եկել եմ ձեզ աղաչելու, որ այդ զիջումը անեք ինձ, եթե հնար է։

Մելքոն-աղան ընկավ մտածության մեջ։ Թովմասը ակնապիշ նայում էր նրա վերա և սրտատրոփ սպասում նրա այն պատասխանին, որ միանգամով պիտի բախտավորեցներ և կամ դժբախտացներ իրեն։

— Որքան էլ որ ցանկանում եմ ձեր խնդիրը չմերժելու,— վերջապես խոսեց Մելքոն-աղան, — այսուամենայնիվ հնար չեմ գտնում իմ ցանկությունը կատարելու։ Դեռ մի քանի օր առաջ ես գնդապետի տանն էի (պետք է ասած, որ