Այս էջը հաստատված է

աշխատում էր պայմանագրի բոլոր կետերի համար բանավոր ստորագրություն առնել Թովմասից, մոտեցավ նրան և թուրքերեն լեզվով հարցրեց.— «Հավանո՞ւմ ես իմ աղջկան, թե ոչ․ նա քո առաջ կանգնած է. կարող ես լավ նայել, քննել և ապա քո ազատ կարծիքը հայտնել»։

- Քո աղջիկը հրաշալի է, իմ եղբոր որդին հազիվ թե արժանի է նրան,- պատասխանեց նույն լեզվով Թովմասը: Եվ այս խոստովանությունը բոլորովին անկեղծ էր։

Այդ ժամանակ Մելքոն-աղան ետ դարձրեց Թովմասին նրանից ստացած մատանին, որպեսզի սա ինքր յուր ձեռքով հագցնե այն յուր հարսնացուին։ Թովմասը ուրախությամբ կատարեց և այդ վերջին պարտականությունը, հայտնելով միևնույն ժամանակ, որ այդ մատանին իսկապես նշանադրության ընծա համարելու չէ, այլ լոկ մի առհավատչյա՝ իրենց մեջ տեղի ունեցած խնամական համաձայնության։

Օրիորդ Նատալիան բոլոր այդ խոսակցությանց ժամանակ նստած էր լուռ և համեստ, որովհետև այնպես էին պատվիրել նրան յուր ծնողները, իսկ նրա համաձայնությունը ստանալու համար խոսք ու զրույց չեղավ։ Սա մի անհրաժեշտ նախազգուշություն էր, որով Մելքոն-աղան կամեցել էր ծածկել Թովմասից յուր դստեր արժանիքը, բայց իհարկե, դա միևնույն ժամանակ և ավելորդ նախազգուշություն էր, որովհետև այդ րոպեին Թովմասին հետաքրքրողը ոչ թե հարսնացուն էր, այլ յուր կապալի շահավոր գործը։

Նոր բարեկամները այդ երեկոյան հյուրասիրեցին Թովմասին փառավոր ընթրիքով, որի ժամանակ նա երախտագիտությամբ հիշեց լավ ընթրիքների սիրահար Միկիթ-բեկի անունը և ծածուկ յուր խնամիներից՝ խմեց նրա թանկագին կենացը։

Վերջապես հոգվո ամենալավ տրամադրության տակ հեռացավ պ. Թովմասը Մելքոն-աղայի տնից և ուխտեց, ինչպես ազնիվ մարդ, կատարել յուր տված խոստումը, եթե միայն շահավոր կապալը կմնար յուր վերա։