Այս էջը հաստատված է

բարձրանում և իջնում էին բազմաթիվ կանայք և աղջկունք, ոմանք զույգ-զույգ, այլք խմբովին, շատերը թևի թև և այլն ըստ կարգին։ Նրանցից մի քանիսը, իսկապես, ուխտ էին գնում սուրբ Դավթին, որը յուր փայլուն գմբեթով բազմած էր Մթա-Ծմինդայի կրծքի վերա. ոմանք ուխտից վերադառնում էին, բայց շատերը միայն այդ պատրվակով դուրս էին եկել նրա հովահար դարևանդների վերա զբոսնելու։ Արսենը կարևոր համարեց մի երկու քառորդ թափառել այդ ուխտագնացների մեջ, քննել սիրուն աղջիկների և կամ հարսների անցուդարձը, կարդալ նրանց մերթ անմեղ և մերթ խորհրդավոր հայացքներր և լսել մինչև անգամ դեդաների բամբասանքներից մի քանի բան, որոնք եթե չհետաքրքրեին նրան, գոնե կզվարճացնեին։ Նա գնաց, բարձրացավ, բայց շուտով նկատեց, որ իրենից զատ ոչ մի տղամարդ չէր երևում ուխտագնացների կամ զբոսնողների մեջ և բոլոր անցնողները գրեթե յուր վերա էին նայում և խմբովին ծիծաղում և կամ յուր մասին դեպի իրան նշաններ ու ակնարկություններ անում։

Երիտասարդը խիստ դժգոհ մնաց յուր որոշումից և սկսավ կամաց-կամաց վայր իջնել դեպի մեծ փողոցը։ Այդտեղ գալու համար նա անցնում էր Օրիորդական վարժարանի մոտով, որի նախադռան առաջ այդ միջոցին կանգնած էին բազմաթիվ կառքեր, բոլորն էլ ծածկված, չնայելով, որ ո՛չ անձրևային էր օրը և ո՛չ տոթագին։ Հենց որ նա հասավ կառքերի մոտ, վարժարանից սկսան դուրս թափվիլ նրա բազմաթիվ սանուհիները և խռնվիլ կառքերի շուրջը։ Շուտով երևեցավ և վերակացուհին, որ սկսավ չորս֊չորս տեղավորել նրանց կառքերի մեջ, հաստ աղջիկներին զգուշությամբ բարակների հետ կցորդելով, որպեսզի կառքերի մեջ բոլորն էլ հավասար հանգստություն վայելեն։ Տեսարանը Արսենին հաճելի թվաց. նա կանգնեց կառքի մոտ և սկսավ վանդակի սիրուն թռչնիկները զննել։ Բարեբախտաբար այդ նրան չարգիլեցին։ Երբ բոլոր սանուհիները տեղավորվեցան կառքերի մեջ, վերակացուհին անհանգստությամբ բացականչեց. «Մեկը պակասում է…»։

— «Այդ ես եմ, իսկո՛ւյն…»,— լսվեցավ ներսից մի անուշ