Այս էջը հաստատված է

— Եվ անպատճառ կմնա, բավական է, որ Մելքոն-աղան էլ նույնն է ցանկանում։

Պ. Թովմասը աճուրդին ներկայացվելիք թղթերը Միկիթ-բեկից ստանալով վերադարձավ տուն։

Այդ գիշեր նա գրեթե չկարողացավ քնել։ Հազար և մի մտքեր տանջում էին նրան։ Երբեմն նա հույս էր տածում, որ կապալը անպատճառ իրեն կմնա, որ նրանով ինքը կհարստանա, պատիվ և անուն ձեռք կբերե, Մելքոն-աղայի փառակիցը կդառնա և այլն և երբեմն կասկածում, թե գուցե մի ուրիշը հափշտակե յուր որսը և իրեն միայն անպատվություն և այնքան օրերի նեղությունը մնա։

Վերջապես փորձության օրը հասավ։ Եվ չնայելով, որ աճուրդը նշանակված էր ժամը տասին, սակայն պ. Թովմասը ժամը ութից արդեն անց ու դարձ էր անում գնդապետի տան բակում, ուր գտնվում էր զորանոցի վարչությունը։ Այդտեղ հետզհետե գալիս խռնվում էին ոչ միայն կապալին հետամուտ մարդիկ, այլև այնպիսիները, որոնց մասին Միկիթ-բեկը ոչինչ չէր հիշել և պ. Թովմ ասը երբեք չէր մտածել, թե կարող էին նրանք մի որևէ աճուրդի մասնակցել, բայց որոնք այսուամենայնիվ ծրարներ ունեին բռնած իրենց ձեռքերում։

Այս հանգամանքը շատ անհանգստացնում էր պ. Թովմասին։ Բայց շուտով եկավ Մելքոն-աղան, որ հասկացրեց յուր խնամուն, թե այդ մարդիկը կապալ վերցնողներ չեն, այլ, այսպես ասած, աճուրդի անգղներ, որոնք սովորաբար իրենց համար որս են որոնում ամեն մի աճուրդի ժամանակ։ Նրանք մոտենում են միամիտներին և սպառնում, որ իբր թե իրենք էլ կամենում են մասնակցել աճուրդին. բայց հենց որ մի քանի ռուբլի վարձատրություն են ստանում, իսկույն չքանում են ասպարեզից։ «Թիֆլիսում, մանավանդ, ուր հաճախ աճուրդներ են լինում,— ավելացրեց Մելքոն-աղան,— բազմաթիվ է այդ անգղների թիվը և շատերը հատկապես այդ արհեստով են պարապում և ապրում»։

Եվ իրավ, երբ աճուրդի ժամանակը հասավ, երևացավ, որ նրան մասնակցողները միայն պ. Թովմասը և Միկիթ-բեկի երեք բարեկամներն էին։ Հարկ չկա ասել, որ աճուրդը վերջացնելուց ետ՝ Թովմաս