Այս էջը հաստատված է

ձայն և նախադռան մեջ երևեցավ հրեշտակային գեղեցկությամբ մի տասնևհնգամյա աղջիկ, որը յուր կրակոտ աչքերը առաջին անգամ ուղղեց կառքերի մոտ կանգնած երիտասարդի վերա։ Նրա թափանցող հայացքից Արսենը այլայլվեցավ. յուր կյանքի մեջ նա առաջին անգամ էր տեսնում մի այսպիսի գերբնական գեղեցկություն։ Բայց հազիվ թե նա ժողովեց յուր քաջությունը կրկին անգամ յուր հանդիպակաց գեղեցկուհուն դիտելու, երբ վերակացուհու անհաճո ձայնը լսվեցավ. «Օրիո՛րդ, դուք միշտ ուշանում եք»։ Գեղեցիկ աղջիկը այծյամի արագությամբ իջավ նախադռան սանդուղքից և բարձրացավ կառքի վերա։ Կառաշարը իսկույն ճանապարհ ընկավ։

Երիտասարդը կանգնած տեղը արձանացած՝ երկար ժամանակ նայում էր հեռացող կառքերին և երբ նրանք անհետացան յուր աչքից, այն ժամանակ միայն ինքն իրեն հարցրեց. «Ինչո՞ւ մի անգամ էլ չտեսնել նրան…»,— և այս ասելով սկսավ շտապեցնել քայլերը կառքերին հասնելու համար։ Բայց հազիվ թե մի քսան քայլ փոխեց, երբ հանկարծ հասկացավ այն դժվարիմանալի ճշմարտությունը, որ ինքը չէր կարող ոտքով սլացող կառքերի ետևից հասնել։ Ուստի առաջին պատահած կառքի վերա թռչելով— «քեզ մի կլոր մանեթ, եթե այստեղից անցնող կառախմբին կհասնես»,— ասաց նա կառապանին և վերջինս այնպիսի ոգևորությամբ մտրակեց ձիաներին, որ կառքի հանկարծական շառաչյունը դղրդեց ամբողջ փողոցը։ Մի քանի րոպեից ետ երիտասարդ Մաշտոցյանի սրարշավ կառքը հասավ սանուհիների կառախմբին և սկսավ յուր չափավոր ընթացքով հետևել նրան։

Փառավոր շինություններից մեկի մոտ կառախումբը կանգնեց։ Սա այրի իշխանուհիներից մեկի ապարանքն էր, ուր այդ օրը վարժարանի սանուհիները հրավիրված էին։ Արսենն այս տեսնելով ցած իջավ կառքից և շտապավ հանդիպակաց մուտքի մոտ կանգնեց, որի առջևից սանուհիները պիտի անցնեին իշխանուհու տունը մտնելու համար։ նա սկսավ բոլորին դիտել, բայց ոչ մինը յուր տեսած գեղեցկուհու նման չէր. մի վայրկյան նա կամեցավ հուսահատվիր կարծելով, որ գեղեցկուհին արդեն ներս է մտել։ Բայց նա սխալվում