Այս էջը հաստատված է

բլուրը, ի՞նչ անենք, թե այդտեղ ավելի աշխատանք կա և ծախք ավելի կերթա. դու խո չէի՞ր կարող առաջուց գուշակել, թե բլուրը փորելու համար որքա՞ն մեծ կլինի ծախքը. դու միայն ճանապարհի կարճությունն ունեիր աչքի առաջ և հասար նպատակիդ։ Եթե տասը հազար ռուբլու փոխարեն տասնևհինգ հազար է ծախսվել, մի՞թե դու այդտեղ մեղավոր ես, իհարկե ոչ. դու մեղավոր կլինեիր ա՛յն ժամանակ, եթե տասնևհինգ հազարից հինգ հազարը քո գրպանում գտնվեր, բայց այդպես բան չկա. կարող եք հաշվին նայել. չէ՞ որ այդտեղ ելքի և մուտքի կշիռը հավասար է բոլորովին…

— Դուք մեզ համբերությունից հանում եք, պ. Եզովպոս,— բարկացած բացադանչեց Հեթումյանը.— ճարտարապետության դեմ հո մի բա՞ն չունիք։

— Ոչինչ, ոչինչ, շատ գեղեցիկ պարապմունք է. որտե՞ղ կարող էինք մենք աղոթել, եթե ճարտարապետները եկեղեցիներ չշինեին, կամ որտե՞ղ Պատտիին լսել, Սարա-Բերնարի վերա հիանալ, Օլրիջով ոգևորվել, եթե նրանք մեզ համար թատրոններ չկառուցանեին։ 0՜, ճարտարապետները արժանի են ամեն հարգանքի։ Բայց չեմ կարող չխոստովանել, որ այդ բոլորի համար նրանք մեզանից վերցնում են մի քիչ ավելի, սակայն, իհարկե, այդ ավելին էլ ունի յուր պատճառը. թատրոնի մեջ, օրինակ, կան այնպիսի մանրամասնություններ, որոնց գոյության մասին ժողովուրդը գաղափար անգամ չունի. բայց նրանց գոյությունն անհրաժեշտ է, որովհետև, հակառակ դեպքում, թատրոնը կարող է արձագանքից զուրկ լինել, խախուտ հիմքեր ունենալ և ուրիշ շատ խորհրդավոր պակասություններ, և ահա այս բոլորի համար մի քիչ ավլին անհրաժեշտ է։ Այսուամենայնիվ, ես չեմ կարող չպատմել ձեզ մի փոքրիկ անցք, որի մի գաղտնիքը մինչև այսօր էլ ինձ համար անբացատրելի մնաց։ Մեր քաղաքում մի անգամ հայրս խանութներ էր շինել տալիս յուր սեփական գետնի վերա։ Որմերը մի կանգունաչափ արդեն բարձրացել էին գետնից, երբ շինության մոտ երևեցավ քաղաքային ճարտարապետը։ Ի մեծ ցավ և զարմացումն բոլորիս, նա հայտնեց, որ որմերը անկանոն են դրված և ճանապարհի կողմից բավական տեղ գրաված է. հայրս հետևապես հրամայեց