Այս էջը հաստատված է

էր: Գեղեցկուհին դեռ կառքից չէր իջել, նա եկավ, բայց էլի ամենից վերջը։ Արսենը տեսավ նրան և սկսավ մեծ-մեծ աչքերով նայել նրա վերա, կարծես կամենալով հենց այդ աչքերով էլ կլանել նրան։ Սիրուն սանուհին դարձյալ նայեց իրեն դիտող երիտասարդի վերա, բայց այս անգամ զարմացած աչքերով, որոնք կարծես տարակուսում էին հավատալ թե սա ա՞յն երիտասարդն է, որին մի քանի րոպե առաջ տեսել էին վարժարանի մոտ։ Վերջապես գեղեցկուհին էլ ներս մտավ և պարոն Արսեն Մաշտոցյանն այլևս հույս չունենալով նորից նրան տեսնելու, գլուխը քաշ գցած ետ դարձավ դեպի յուր հոր ամենասիրելի բնակավայրը -բազմախոռոչ քարվանսարան։

Ծերուկ Մաշտոցյանը դժգոհ յուր որդու դատարկաձեռն առաքելությունից և մանավանդ նրա ուշանալուց, մի քանի նախատական խոսքերով պատվեց նրան, բայց վերջինս ուշադրություն անգամ չդարձրեց հոր նկատողություններին։ Նրա խելքն ու միտքը զբաղված էին յուր տեսած գեղանիով։ Ո՞վ էր նա, ո՞ւմ աղջիկն էր, ո՞րտեղ կարելի էր տեսնել նրանց կամ ծանոթանալ նրա հետ, այս հարցերը մեծ մտատանջություն էին պատճառում երիտասարդին։ Այդ օրը նա մինչև անգամ շատ քիչ ճաշեց և մնացած ժամերն անցկացրեց լռիկ մտախոհությամբ։

Հետևյալ օրը նա կրկին գնաց վարժարանի փողոցը՝ պտտեց նրա շուրջը մի քանի անգամ, նայեց նրա կիսածածկ պատուհաններին, կանգնեց նախադռան մոտ, կրկին ետ եկավ, կրկին պտտեց, բայց յուր գեղեցկուհուն ոչ մի տեղ նշմարել չկարողացավ։ Վերջապես նա մոտեցավ ծերուկ դռնապանին, որը սանդուղքների վերա նստած ծխում էր և հարցրեց.

— Չգիտե՞ք արդյոք, ո՞վ էր այն աղջիկը, որ երեկ իշխանուհու տունը գնալու ժամանակ ամենից վերջը դուրս եկավ այստեղից։

- Նրանք բոլորն էլ միասին դուրս գնացին,— պատասխանեց պահապանը,— ոչ ոք այնտեղ իրավունք չունի միայնակ դուրս գնալու։