ահա՛ ձեզ ապրուստ, ահա՛ ձեզ ոսկի, միակ նպատակ մարդկային կյանքի։
— Գեղեցիկ է, հրաշալի է,— բացականչեց սեղանապետը,— խմենք շինական հայի և շինական հայուհու կենացր, ապրին նրանք երկար իրենց խաշներով, իրենց արոտներով, իրենց արորներով․․․ ապրին նրանք երկար և բարի օրինակ լինին մեզ։
Ուսանողները սրտաբուխ կեցցեներով ողջունեցին սեղանապետի առաջարկած կենացր և բաժակները դարդակեցին։
— Ինչ որ խոսեցին Կարինյանն ու Մատինյանը, բոլորն էլ ճշմարտություններ էին,— սկսավ խոսել պ. Մեհերյանը։ — Կարինյանի տեսակետից մեքենայագիտությունը ավելի շահավոր մասնագիտություն երևացավ, քան Եզովպոսի պաշտպանածները, իսկ Մատինյանի տեսակետից՝ գյուղատնտեսությունը։ Բայց իմ տեսակետից եթե նայելու լինենք գործի վերա, բժշկությունը գերազանց է այդ երկուսիցս էլ, հետևապես և առաջին երեքիցն էլ։ Դուք լավ գիտեք, որ մարդու էության սահմանը որոշելու համար ասում են. «Մարդս ընկերական կենդանի է»։ Այդ ճշմարիտ է. բայց ընկերական բառը զանազան շրջանների համար զանազան նշանակություն ունի։ Իհարկե մի անմարդաբնակ կղզում Ռոբինզոնի համար յուր վայրենի Ուրբաթն էլ մի լավ ընկեր էր. բայց եթե մի մարդաշատ քաղաքի, կամ գյուղի մեջ դրանք առաջին անգամ պատահեին միմյանց, շատ սիրով չէին իրար ընկերակցիլ։ Այսպես էլ օրինակ, մի դարբնի համար ավելի լավ է յուր դարբնոցի ընկերների հետ կենակցիլ և մի շինականի համար՝ յուր տգետ դրացիների հետ, քան երկուսին էլ լուսավորված և ազնվական մարդկանց շրջանում։ Եթե այս այսպես է, ապա ուրեմն, որքա՞ն ավելի ծանր է լուսավորված, մտքով և սրտով ազնվացած, նուրբ ճաշակի