կատակ չեն անում, իսկ հիվանդ մարդը խնայելու վերա երբեք չէ մտածում, և ահա՛ բժիշկը հայտնվում է ընտանիքի մեջ իբրև բարերար, նա գործում է, նա բժշկում է հիվանդին, ստանում է յուր վարձատրությունը, և դեռ յուր ետևից էլ թողնում է յուր կյանքը օրհնող երախտագետների մի ամբողջ բանակ…
— Երկու խո՛սք, պ․ սեղանապետ,— ձայն տվավ Եզովպոսը,— ների՛ր իմ մեղքերին, և ի սեր այս խելոք ճառախոսին, իրավունք տուր ինձ երկու խոսք ասելու։
Ուսանողները, որոնց զվարճացնում էր մինչև անգամ Եզովպոսի միմիկան, իրենց կողմից էլ խնդրեցին սեղանապետին, որ այդ իրավունքը չմերժե նրան։
— Խոսիր, ա՛նպիտան, բայց զգույշ կաց, հիմար բաներ չխոսաս,— հրամայեց սեղանապետը։
— Ես առաջ մոռացա ասել ձեզ, պարոններ, որ ես բժշկությունն էլ եմ պաշտպանում, և հենց այս րոպեին, երր պ․ Մեհերյանը սկսեց խոսել, իմ գլխում մի քանի նոր մտքեր ծնվեցան։ Արդարև բժշկությունը ամենից շահավոր պարապմունքն է։ Դուք խո գիտեք, որ Եվրոպայում ամենալավ բժիշկները, յուրաքանչյուր այցելության համար 3 կամ 4 ֆրանկ են ստանում, նույնիսկ Ռուսիայում ամենալավ բժիշկը մեկ ռուբլուց ավելի չէ պահանջում յուր հիվանդից, բայց մեզ մոտ 3 կամ 5 ռուբլին ամենասովորական վարձատրությունն է։ Հաշվեցեք, որ պ․ բժիշկը օրվա մեջ ընդունում է յուր մոտ 10 աղքատ և 5 հարուստ հիվանդներ, որոնցից ստանում է տասը անգամ 1 ռուբլի և հինգ անգամ 3 ռուբլի, գումարը 25 ռուբլի։ Հետո միևնույն բժիշկը միևնույն օրը այցելում է 5 աղքատ և 6 հարուստ հիվանդների, որոնցից ստանում է հինգ 3-ական և վեց 5-ական ռուբլի, գումարը 45 ռուբլի ուրեմն մի օրվա մեջ պ․ բժիշկը վարձատրություն է ստանում 70 ռուբլի, իսկ մի տարվա մեջ 365 անգամ 70, որ լինում է… որքա՞ն, հապա հաշվեցեք։
— 25 550 ռուբլի,— ձայն տվավ մի ուսանող, որ մաթեմատիկայի մեջ ամենաառաջադեմն էր։
— Հա՛, 25 550 ռուբլի,— շարունակեց Եզովպոսը բայց ընդունենք, թե 5550 ռուբլու չափով հիվանդներ պակաս