Այս էջը հաստատված է

հետո էլ դուք պետք կգաք հասարակությանը.— Միջնորդ կարող եք լինել ամուսնացող երիտասարդների ու երիտասարդուհիների մեջ, ինչպես անում են ոմանք արդի հնացած բժիշկներից, սա էլ մի բարի գործ է…

Ընդհանուր ծիծաղ ուսանողների մեջ։

ԺԲ

ՔԱՀԱՆԱ

— Պարոններ, դուք բոլորդ էլ բավական շատ խոսեցիք, ինձ էլ իրավունք տվեք մի երկու խոսք ասելու,— շարժվեցավ վերջապես յուր տեղից պ․ Պահլավունին, որ մինչև այն կծկվել էր սեղանի անկյունում և ուշադրությամբ լսում էր յուր ընկերակից ճառախոսներին։

Հեթումյանը լսելով Պահլավունու ձայնը, որին բոլոր ուսանողները հարգում էին իբրև լավ հայ աշակերտի՝ պատասխանեց.

— Ինչպես ինձ, այնպես էլ կարծում եմ իմ բոլոր ընկերակիցներին, սիրելի է ձեր խոսքը։ Խոսեցեք, մենք հոժարությամբ կլսենք ձեզ։

— Պարոններ,— սկսավ խոսել Պահլավունին.— իրավաբաններ, երկրաչափներ, ճարտարապետներ մեզ շատ հարկավոր չեն. մեքենայագետների էլ շատ կարիք չունինք. գյուղատնտեսներ որքան շատ ունենանք, կարծեմ ավելի լավ է․ իսկ բժիշկներ, այսինքն մարմնի բժիշկներ, դրանց թիվն էլ եթե չափավոր լինի, վատ չի լինիր բայց իմ միտքը հայտնելուց առաջ ես մի հարց ունիմ ձեզ անելու։— Արդյոք դուք գնում եք համալսարան ձեր ուսումը կատարելագործելու միայն ա՛յն նպատակով, որ ձեր անձին և ձեր գոյությա՞նը ծառայեք, թե՞ հասարակությանն էլ կամենում եք պիտանի լինել մի բանով։

— Իհարկե, հասարակությանն էլ ենք կամենում ծառայել,— պատասխանեց Պետրոսը։— Մի՞թե իրավունք կունենանք մենք կրթված և լուսավոր մարդ անվանելու մեզ, եթե միայն մեր անձի համար ապրենք, միային մեր գոյությունը ապահովելու վերա մտածենք։