— Շատ լավ։ Ես էլ չեմ ուզում ավելի խոսել այն բանի համար, թե ինչո՞ւ մեր ընկերները այսքան երկար ճառեր են խոսում այս և այն մասնագիտության շահավորությունը ապացուցանելու համար և ցարդ չգտնվեցավ մեկը, որ մատնացույց աներ նաև մեր բարոյական շահերի վերա։ Սակայն եթե ձեր խոսքը անկեղծ է, ինչպես անկեղծ է եղել մինչև այսօր, եթե դուք ցանկություն ունիք ծառայելու այն հասարակության, այն ազգին, որին սիրում և որին պատկանում եք դուք, ապա ուրեմն ընտրեցեք այն մասնագիտությունը, որը ես կառաջարկեմ։
— Առաջարկեցեք։
— Ո՛չ, առաջ խոստացեք, որ կընդունեք այդ առաջարկությունը։
— Խոստանում եմ, եթե միայն կարող կլինեմ։
— Շատ լավ, ուրեմն ընտրեցեք ձեզ համար իբրև մասնագիտություն բարոյական փիլիսոփայությունը, ուսումնասիրեցեք նրան հիմնավորապես և հայրենիք վերադառնալով քաճանա ձեռնադրվեցեք։
Պետրոսը մնաց լուռ, իսկ ուսանողներից շատերը սկսան ծիծաղել։
Պ. Պահլավունին հառեց յուր կրակոտ աչքերը նախ Պետրոսի վերա, որով կարծես կշտամբում էր նրան յուր լռության համար և ապա դառնալով ուսանողներին, բարկությունից դողացող, բայց ազդու ձայնով խոսեց.
— Պարոններ, ես չեմ վիրավորվում, որ դուք ծիծաղում եք իմ առաջարկության վերա․ իհարկե մի ազգ, մի հասարակություն, որ նյութական ապահովության մեջ է տեսնում յուր փրկությունը, մի ժողովուրդ, որ հոգեկան հարստության վերա գաղափար չունի և չէ հավատում նրա զորության աստվածությանը, հարկավ կարտադրե այնպիսի սերունդ, կծնանի այնպիսի զավակներ, որպիսին դուք եք, որ ամբողջ ժամերով այստեղ նստած խոսում, ճառում եք նյութապես շահվելու՝ հարստանալու մասին, բայց հոգվո հարստության համար, հոգվո, որի զորության, կամ թուլությանն եք պարտական ձեր վերածնությունը կամ անկումը, չեք արտասանում մի բառ…