Այս էջը հաստատված է

—Պարոն, բարեհաճեցեք ստորագրել և վերադարձնել ինձ հեռագրի ստացականը,—խնդրեց Պետրոսին ցրիչը, որ դեռ սենյակում կանգնած սպասում էր նրան։

—0'հ, ներողություն, ես ձեզ մոռացել էի, —ասաց Պետրոսը և ստացականը ստորագրելով տվեց ցրիչին։

Երբ վերջինս դուրս գնաց, նա կրկին վերցրեց հեռագիրը, կրկին կարդաց և գլուխը շարժեց։— «Ահա՛ մի գաղտնիք, որ չես կարող լուծել կամքի ուժով. խելքի բանալին արդեն կորցնում է այստեղ յուր նշանակությունը։ Ի՞նչ կարող է լինել այս կարևոր ու անհետաձգելի նորությունը։ Արդյոք մի դժբախտությո՞ւն պատահեց մեր ընտանիքին, արդյոք մայրս հիվանդացա՞վ, արդյոք նրան… բայց ոչ, նա առողջ էր, դեռ երեք օր չկա, որ նա ինձ նամակ է գրել տվել, ո՞վ գիտե,գուցե մի դժբախտություն հասել է իմ հորեղբոր գործերին, նա միայն նրանց վերաբերյալ նորություններն է կարևոր և անհրաժեշտ անվանում. և գուցե նա սնանկացել է… բայց ոչ, այդ անկարելի է, նա հաշվով մարդ է, նա հեշտությամբ վնասների չի ենթարկվիլ, ո՞ւր մնաց թե սնանկության…»։

Այս մտածմունքները երկար ժամանակ տանջեցին Պետրոսին, բայց վերջ ի վերջո նա տեսնելով, որ մտածելով ոչ մի ուղիղ եզրակացության չէ գալիս, հանվեցավ և պառկեց քնելու։

Առավոտը շատ վաղ զարթնեց Պետրոսը և հագնվելով դուրս գնաց փոքրիկ պարտեզը՝ զբոսնելու։ Այդ միջոցին նրա մտածմունքների առարկան դարձյալ հեռագիրն էր, բայց յուր կարծիքով նա այժմ ավելի հավանական բացատրություն էր տալիս հեռագրին։ —«Իմ հորեղբայրը ժլատ մարդ է,—մտածում էր նա,— ես լավ հիշում եմ, որ իմ և նրա մեջ մինչև այժմ ոչ մի խոսք չէ եղել համալսարան գնալուս համար, չնայելով, որ ես մի քանի ամառ արդեն նրա հետ եմ ապրել։ Հավանական է, ուրեմն, որ իմ համալսարան գնալու համար արածս հայտնությունը նրան անախորժ երևեցած լինիր և նա «կարևոր ու անհրաժեշտ նորություն» հաղորդելու պատրվակով կանչում լինի ինձ հայրենիք, ընդմիշտ ինձ այնտեղ պահելու համար… Այո՛, ճիշտ այսպես է և անկարելի է, որ մի ուրիշ պատճառ ունենար նա այս բանի համար։