Պետրոսի ուշադրությունը։ Նրա վարմունքր այնքան քաղցր է աշակերտուհիների հետ, հարցնելու եղանակը այնքան պարզ և դյուրըմբոնելի, բացատրությունները՝ այնպես խելացի և հիմնավոր, որ Պետրոսը էլ չէր զարմանում, թե ինչո՞ւ համար քննություն տվող աշակերտուհիները կարճ ժամանակի ընթացքում այնքան մեծ առաջադիմություն էին արել և այնքան հաջողակ քննություն էին տալիս։ Բայց նա արդար և զարմանում էր, որ յուր հայրենի քաղաքում գոյություն ունի այդքան լավ կազմակերպված մի դպրոց, և հիանում էր մանավանդ, որ այդտեղ գտնվում է այնպիսի հայ վարժուհի, որի նմանը նա տեսած չուներ նույնիսկ Թիֆլիսում։ Պետրոսը, ինչպես հիշեցի, առաջ շատ սահմանափակ գաղափար ուներ յուր հայրենակցուհիների մտավոր շարժման մասին և միևնույն սահմանափակ գաղափարով էլ նա վերադարձել էր հայրենիք։ Սակայն ա՛յն զգալի փոփոխությունը, որ նա այժմ նշմարեց այդտեղ, հոգեկան անսահման հաճույք պատճառեց նրան։ Այդ փոփոխությունը մանավանդ ավելի մեծ և ավելի հսկայական երևաց նրա աչքում, որովհետև յուր ներկայությամբ չէր կատարվել նա։
Վերջապես Պետրոսը մինչև քննության վերջը մնաց դպրոցում։ Երբ վարժուհին վերջացրեց յուր գործը և հանդիսականները սկսան ցրվիլ, նա ցանկացավ մոտենալ վարժուհուն, շնորհակալություն անել նրան յուր արդյունավոր աշխատության համար և այդ առթիվ էլ ծանոթանալ նրա հետ, սակայն նա չվստահացավ, մի ինչ որ գաղտնի զգացմունք կաշկանդեց նրա արիությունը։ Արդյոք հանդիսականների ներկայությունի՞ց էր նա քաշվում, թե՞ օրիորդի հետ անծանոթ լինելուց, ինքը ճիշտը չգիտեր։ Բայց երբ նա դուրս գնաց դպրոցի պատշգամբը, պատահեց այնտեղ յուր ծանոթ Սերոբյանին։ Սա մի տարի առաջ Թիֆլիսի գիմնազիոնը ավարտող աշակերտներից մինն էր, որ յուր նյութական անկարողության պատճառով համալսարան գնալ չկարողանալով, վերադարձել էր հայրենիք և այդտեղ ծառայում էր քննիչի օգնականի պաշտոնով։
Երկու ծանոթները շատ սիրով միմյանց ողջունելուց և իրար առողջություն հարցնելուց ետ, սկսան խոսիլ դպրոցի