Այս էջը հաստատված է

— Աստղիկի՞ն… — զարմացմամբ բացականչեց Պետրոսը։

— Այո՛, ձեր խաղերի ընկերուհուն։

— Այդ անկարելի է…

— Ի՞նչպես թե անկարելի է. ուրեմն անկարելի՞ է, որ ես՝ ես եմ.— ծիծաղելով նկատեց օրիորդը։

— Տեր աստված, ուրեմն դուք այդքան փոխվե՞լ եք, ես բոլորովին չճանաչեցի ձեզ, ինչպե՛ս դուք մեծացել եք…

— Այո՛, հինգ տարին քիչ ժամանակ չէ։ Մեր օրերում նա երկարակյացների կյանքի քառորդն է կազմում,— նկատեց օրիորդը ժպտալով։

— Երբեք, երբեք ես չէի կարող ձեզ ճանաչել, եթե դուք ինձ հիշեցրած չլինեիք Աստղիկ անունը։ Օ՛հ, որքան ուրախ եմ, որ իմ անսահման հարգանքը և համակրությունը գրավող վարժուհու մեջ եմ գտնում իմ ընկերուհի Աստղիկին…

— Ուրեմն գոհ եք ինձանից, որ ես ձեր ընկերուհուն ծանոթացրի ձեզ հետ,— նկատեց Սերոբյանը։

— Օ՜հ, շատ, շատ, դուք ինձ շնորհապարտ կացուցիք ձեզ։

— Նույնպես ինձ…— ծիծաղելով ավելացրեց օրիորդը,— որովհետև ես արդեն վիրավորվել էի, որ Պետրոսը առաջին անգամից իսկ չէր ողջունել ինձ. բայց այժմ, ահա, ձեր շնորհիվ ճշմարտության հասու եղա և ես ներում եմ նրան յուր չգործած հանցանքը…

— Շնորհակալ եմ, օրիորդ, սակայն ինձ մոլորեցնողը իմ հիշողությունը չէր, այլ ձեր արժանյաց բացարձակ առավելությունը, որին ես այսօր ծանոթացա,— նկատեց Պետրոսը։

— Եթե այդ խոսքերը հաճոյախոսություն չլինեին, Պետրե, ես կցանկանայի արժանանալ նրանց։

— Դուք արժանի եք ավելիին, որի համար ես բառեր չունիմ։

— Մի՛ վիճեք, երկուսդ էլ ճշմարտություն եք խոսում մեջ մտավ Սերոբյանը,— տարակուսանքը միայն նրա մեջ է, որ միմյանց չեք հավատում։

Երեք խոսակիցներն էլ ուրախ-ուրախ ծիծաղեցին։