Այս էջը հաստատված է

Հետո Պետրոսը սկսավ դպրոցական գործերի մասին տեղեկություններ հարցնել օրիորդից, որ յուր գիտցածները հետզհետե հաղորդելով մեծ ուրախություն պատճառեց նրան։

Վերջապես Պետրոսը հոգու ուրախ տրամադրությամբ բաժանվեցավ գեղեցիկ վարժուհուց՝ խոստանալով անպատճառ այցելել նրան վաղը իրենց տանը։

ԺԵ

ԱՆԾԱՆՈԹ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐ

— Ո՞ւմն եմ տեսել այսօր, մայրիկ, կարո՞ղ ես գուշակել,— վերադառնալով տուն, ուրախ-ուրախ հարցրեց մորից Պետրոսը։

— Չգիտեմ, հոգիս, բարեկամներ շա՜տ, երևի նրանցից մինին։

— Ոչ. հապա՛ իմացիր։

— Ի՞նչպես իմանամ, որդի. գոնե ասա, թե ո՞րտեղ, ո՞ւմ մոտ։

— Աղջկերանց ուսումնարանում։

— Իմացա, Աստղիկի՞ն։

— Այո՛, մայրիկ, և ի՞նչպես մեծացել, ինչպես գեղեցկացել է նա. իսկ նրա ուսո՞ւմը, նրա զարգացո՞ւմը… երևակայիր, ամբողջ ժամերով ես նրա առաջ նստած, նա խոսում է, հարցաքննում է, ես նրան լսում եմ և չեմ ճանաչում։ Հարյուր անգամ ինքս ինձ հարցրել եմ, տե՜ր աստուած, ո՞վ է այս աղջիկը, այսքան երիտասարդ և այսքան զարգացած…

— Հետո ի՞նչպես ճանաչեցիր։

— Մի բարեկամ տղա մեզ ծանոթացրեց միմյանց հետ:

— Ի՞նչպես, Աստղիկն Էլ քե՞զ չէր ճանաչում։

— Ոչ, ընդհակառակը, նա ինձ տեսնելու. րոպեին էր ճանաչել։

— Այո', նա կճանաչեր և ի՞նչպես կարող էր քեզ մոռանալ, Աստղիկը, այո՛, պատվական աղջիկ. նա մի հատ է մեր ամբողջ քաղաքում. երանի այն մորը, որին նա հարս կերթա։