Այս էջը հաստատված է

չե՞ս գնալ, Պետրե,— հանկարծ փոխեց խոսքը տիկին Հռիփսիմեն,— նա իմ միակ բարեկամուհին է։

— Ի՞նչպես չէ. ես Աստղիկին խոստացա վաղը անպատճառ այցելելու նրանց տուն։

— Լավ կանես, որդի. Եղիսաբեթը կուրախանա, նա էլ ոչ ոք չունի աշխարհում, ինչպես և քո մայրը…

— Օ՜, ես նրան այսուհետև շատ պիտի պատվեմ. մի կին, որ Աստղիկի նման աղջիկ է մեծացրել, արժանի է ամեն հարգանքի։

Հետևյալ առավոտ մի առանձին փութով պատրաստվեցավ Պետրոսը Աստղիկին և նրա մորը այցելելու համար։ Ժամը դեռ ութն էր, նա պետք է այցելեր նրան գոնե տասին։ Եվ այդ երկու ժամերը նրա համար երկու օրի չափ երկարացան։ Այդ միջոցը անզգալի կերպով անցկացնելու համար Պետրոսը ոչինչ չգտավ, որով զբաղվել կարողանար, նա աննդհատ անցուդարձ էր անում իրենց պատշգամբի վերա և ամբողջ ժամանակ զբաղված էր Աստղիկի վերա մտածելով, որի պատճառը ինքն էլ չէր հասկանում։ Երեկվա նրա դիրքը, նրա դեմքը, նրա հայացքը, այդ րոպեին յուր աչքերի առջևն էին, իսկ նրա այնքան քաղցր և դյութական ձայնը կարծես դեռ այժմ էլ հնչում էր յուր ականջին։ Բայց ինչո՞ւ համար նա միայն գեղեցիկ վարժուհու վերա էր մտածում, չէ՞ որ մինչև այն նա հետաքրքրվում էր դպրոցի բախտով, նրա առաջադիմությամբ, նրա զարգացման գործով… Պետրոսը ձեզ կասեր, որ հենց այն րոպեին էլ նա դպրոցի մասին էր մտածում, բայց ի՞նչպես, այդ է հետաքրքիրը։ Նա հիշում էր, թե ինչպե՞ս քաղցր և անուշ ձայնով բացատրում էր վարժուհին յուր աշակերտուհիներին գողթնեցիների գեղեցիկ երգը, «Տեղ ոսկի տեղայր ի փեսայութեանն Արտաշիսի և մարգարիտ տեղայր ի հարսնութեան Սաթինկան…»: Բայց մի՞թե դպրոցում ուշադրության արժանի էլ ուրիշ ոչինչ չկար, ի՛նչպես չէ, հապա վարժապետները, աշակերտուհիները, հանդիսատեսները… այսուամենայնիվ նա նրանց մասին ոչինչ չէր հիշում։

Վերջապես ժամը տասը լրացավ, Պետրոսը ուրախությամբ դիմեց յուր մանկական խաղերի ընկերուհու մոտ: