Այս էջը հաստատված է

վախենում էր ինքն իրենից, թե չլինի մի այնպիսի խոսք թռցրնե բերանից, որ յուր սրտից լիներ բխած և ոչ թե ուղեղից։ Այդ միջոցին տիկին Եղիսաբեթը դուրս գնաց յուր նորեկ հյուրի համար սուրճ բերելու։

—Դուք համաձա՞յն եք իմ կարծիքների հետ,— հարցրեց Պետրոսը օրիորդին։

—Չգիտեմ։

—Ի՞նչպես, դուք չգիտեք, ուրեմն, թե որքան եք ինձ հետ համամիտ։

—Ես համամիտ եմ այն մարդկանց հետ, որոնք սիրում են մանիշակը, երբ նա դժնիկի տակ ծածկված հեռվից է բուրում յուր հոտը… —Այդ ապացուցանում է ձեր զգացմունքների ազնվությունը, բայց դուք պիտի համոգվիք, որ համեստության ծայրահեղությունը մեռցնում է ճշմարիտ արժանիքը. ծաղիկները շվաքի մեջ չեն աճում, այլ կենարար արեգակի առաջ, այս ճշմարտությունը այնքան հին է, որքան և նոր։

—Այո, բայց կան ճշմարտություններ, որոնց մենք իրավունք չունինք քարոզելու. մեր այդ իրավունքը բռնաբարված է թե՛ բնության և թե՛ մարդկանց ձեռքով։

—Իսկ ես կարծում եմ, որ ճշմարտությունը ամեն բերանով էլ կքարոզվի։

—Բացի կանանց։

—Որ, այսուամենայնիվ, ավելի է ազդում սրտերի վերա։

—Եվ հենց այդ ազդեցությունն է մեր զրկանքի պատճառը…— ծիծաղելով նկատեց օրիորդը։

Պետրոսը լռեց, և անթարթ աչքերով սկսավ նայել օրիորդի վերա։ Նա այդ րոպեին այնքան վեհ, այնքան գեղեցիկ էր երևում նրա աչքում, որ Պետրոսը ավելի լավ էր համարում անընդհատ նայել նրա վերա և նրա գեղեցկությամբ զմայլվել, քան շարունակել յուր փիլիսոփայությունները։ Բայց հանկարծ օրիորդր ծիծաղեց և Պետրոսը սթափվեցավ յուր հափշտակությունից։

—Ինչո՞ւ համար եք ծիծաղում,— հարցրեց նա ժպտալով: