Այս էջը հաստատված է

տեսակ սրտեր։ Սկսած ա՛յն րոպեից, որ Պետրոսը դուրս գնաց նրա մոտից, նա դարձավ օրիորդի մտածմանց առարկան։ Ա՛յն աղջիկը, որ րոպե անգամ անգործ նստել չէր սիրում, որ դպրոցական պարապմունքներից ետ՝ անմիջապես տան զբաղմունքներն էր սկսում, որ յուր ուրախությունը և զվարճությունը անխոնջ աշխատության մեջ էր գտնում, այսօր մոռացել էր սովորական զբաղմունքները, դպրոցական պարապմունքների մասին չէր հիշում ոչինչ, տնային գործերը չէին հետաքրքրում նրան․․․ Մտածել ամբողջ ժամերով,— ահա՛ մի բան, որ շատ դուր էր գալիս նրան, բայց ինչո՞ւ անպատճառ Պետրոսի վերա, այդ նա չէր կարողանում բացատրել։ Անցյալից, մանավանդ, նա սկսում էր հիշել գողտրիկ դեպքեր, որոնք վերաբերում էին յուր և Պետրոսի մանկական բարեկամությանը, իրենց խաղերին և զվարճություններին․ նա շատ լավ հիշում էր և այն՝ թե ինչպե՜ս տխրեց, և մինչև անգամ արտասվեց ինքը, երբ յուր մայրը առաջին անգամ հայտնեց իրեն, թե Պետրոսը գնաց Թիֆլիս․․․ Նա տխրեց, որովհետև յուր ընկերը գնացել էր օտար քաղաք առանց իրեն տեսնելու, առանց իրեն հրաժեշտի ողջույնը տալու։ Եվ հենց այդ րոպեից սկսվեցավ յուր մեջ բուռն ցանկություն ուսման մեջ առաջադիմելու։ Ճշմարիտ է, նա Պետրոսի ժամանակ արդեն ուսանում էր, բայց այն չափով, որքան հարկավոր էր մի խեղճ ընտանիքի աղջկա համար և որով, իհարկե, նա շատ բան ձեռք բերել չէր կարող։ Սակայն Պետրոսի գիմնազիոն գնալը վառեց նրան նախանձախնդրության հոգվով․- «Նա գնում է գիմնազիոնում ուսանելու, մի քանի տարուց ետ նա կվերադառնա մեծ ուսումով, մեծ խելքով. նա էլ չի կամենալ ինձ հետ խոսել, ինչպես չկամեցավ վերջին անգամ ինձ տեսնել․․․ իհարկե, նա հարուստի տղա է, նա կարող է գնալ Թիֆլիս, գիմնազիոն, բայց ես էլ կարող եմ սովորել գոնե այնքան, որ նրա հետ մի տեղ պատահած ժամանակ չամաչեմ նրանից․․․»։ Մոտավորապես այս մտքով մի խորհրդածություն արավ այն ժամանակ փոքրիկ Աստղիկը և այս խորհրդածությունը պատճառ դարձավ այն առաջադիմության, որ նա հասավ վեց տարվա անխոնջ և շարունակ աշխատությամբ։